Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել «Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Պատմության գիրկն անցավ եւս մեկ տարի:

Անցնող տարին, մեր ժողովրդի համար, լի էր տարաբնույթ իրադարձություններով: Իհարկե մեծագույն ձեռքբերումը խաղաղության պահպանումն էր: Այն խաղաղության, որը տարիներ առաջ ձեռք բերվեց ու պաշտպանվեց մեր ժողովրդի մաքառումների, մեծագույն զոհողությունների, հազարավոր մարտիկների կյանքի, առողջության եւ սխրանքների գնով:

Պետականության կայացման դժվարին գործընթացում իրենց ուրույն տեղն ունեն կամավորականները, երկրապահները, նրանք, ովքեր մարտադաշտում կռեցին մեր երկրի արժանապատիվ ապագան, ապահովելով Հայոց բանակի կազմավորումը, անկախության կայացումն ու հայ ժողովրդի անվտանգությունը:

Առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր երկրապահ-ազատամարտիկներին:

Մենք` Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետնորդներս, պարտավոր ենք մշտապես պատվով կրել երկիրը պահողի ու շենացնողի սուրբ կոչումը, այն փոխանցելով նոր սերնդին: Մենք ընդունում ենք մեր երկրի ապագայի կերտման գործում մեր պատմական ու պատվաբեր պատասխանատվությունը: Մենք տեր ենք մեր երդմանը` ծառայել մեր պետականությանը, մեր երկրին ու մեր ժողովրդին:

Երկրապահը հավատարիմ իր պատվախնդիր կենսակերպին, հայոց բանակի հետ եղել է, կա ու պիտի մնա Արցախի եւ Հայաստանի անկախության երաշխավորը, պետականության ամրապնդման ջատագովը: Մեզ համար կարեւոր է ոչ միայն ձեռք բերումը, այլ նաեւ ձեռք բերածի պահպանումը եւ այն նոր սերնդին փոխանցումը:

Շնորհավորում եմ Հայոց բանակի զինծառայողներին, հատկապես այսօր երկրի սահմանը պահող հայ զինվորին:

Մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում ողջ արցախահայությանը, հերոսներ ծնող Արցախի մայրերին, Արցախը շենացնողներին: Թող էլ ավելի ամրապնդվի արցախահայության իր հողում ազատ ու անկախ ապրելու հավատը:

Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ, կուզենայի բոլոր երկրապահների անունից առանձնահատուկ շնորհավորել մեր զոհված մարտական ընկերների հերոսական մայրերին, քույրերին, կանանց, երեխաներին: Մենք գնահատում եւ խոնարհվում ենք մեր մայրերի ոգու եւ հայրենասիրության առաջ, որով նրանք դաստիարակել են իրենց քաջ որդիներին:

Եկեք Ամանորի առիթով մեկ անգամ եւս գլուխ խոնարհենք Եռաբլուրի առաջ, բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր զոհվեցին հանուն Հայաստանի եւ Արցախի անկախության ու ազատության£ Նրանք երազում էին հաղթանակած Հայաստան, անկախ Արցախ ու տեր էին կանգնում իրենց երազանքին: Այսօր մենք պարտավոր ենք իրականություն դարձնել մեր մարտական ընկերների երազանքը, ունենալ բարեկեցիկ Հայաստան ու անկախ, հզոր Արցախ:

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հատուկ շնորհավորել մեր երեխաներին, մեր թոռներին, երիտասարդ ու պատանի երկրապահներին: Մենք պարտավոր ենք հավատալ մեր երիտասարդությանը, մատաղ սերնդին:

Նոր տարին նոր նվաճումների ժամանակաշրջան է լինելու: Թող միշտ տոնական լինի մեր տրամադրությունը եւ մեզ չլքի էլ ավելի ժողովրդավար, հզոր ու կայուն պետություն ստեղծելու հավատը: Թող մեզ առաջնորդի դժվարությունները հաղթահարելու կամքը եւ լավը, առաջընթացը տեսնելու, գնահատելու լավատեսությունը:

Թող 2012թ. լինի միասնության, համայն հայության համախմբման, անկախության ամրապնդման եւ պետության հզորացման տարի: Մեր հզորությունը մեր միասնության մեջ է:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Աստված բոլորիս պահապան»: