Արցախի հերոս, ՀՀ եւ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Վահագն Վարդեւանյանի ծննդյան 45-ամյակի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 26-ին այցելել է նրա ընտանիք:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանության փոխնախարարը Արցախի հերոսի ընտանիքի անդամների հետ զրուցել է Վահագն Վարդեւանյանի անցած մարտական ուղու վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Վահագն Վարդեւանյանի երկու որդիները` Վահրամ եւ Արսեն Վարդեւանյանները, ովքեր ծառայություն են անցնում ազգային բանակում: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նրանց մաղթել է բարի ծառայություն` վստահություն հայտնելով, որ երիտասարդները բարձր կպահեն իրենց հոր անունը:

Վահագն Վարդեւանյանը ծնվել է 1966թ. դեկտեմբերի 27-ին Երեւանում: 1985-87թթ. ծառայել  է ԽՍՀՄ Զինված ուժերում: 1989թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1989-94թթ. մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Գորիսի (Շուռնուխ, Գորիս-Կապան մայրուղի), Իջեւանի եւ ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Կուբաթլուի (Սեյթազ, Վերին Չիբիքլի, Ներքին Չիբիքլի, Գյուլեբիրտ), Մարտակերտի (Կարմիրավան), Աղդամի (Փափրավենդ, «Գինու գործարան» ու «Գոմեր» տեղամասեր) շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին: 1994թ. ապրիլի 21-ի գիշերը նրա գրոհային ջոկատի 38 ազատամարտիկներ դիրքավորվել են գ. Կարմիրավանի (Մարտակերտի շրջ., ԼՂՀ) մատույցներում: Զգալով շրջապատման վտանգը նա եւ 13 ազատամարտիկներ կրակը վերցրել են իրենց վրա` ապահովելով մյուսների նահանջը: Շրջապատման մեջ 13 ազատամարտիկների զոհվելուց հետո, մերժելով գերի հանձնվելու հակառակորդի առաջարկը, վիրավոր Վահագնը շարունակել է մարտը մինչեւ զինամթերքի վերջանալը: Հակառակորդի մոտենալու պահին նա պայթեցրել է նռնակը, սպանել հակառակորդի 4 զինվորի, եւ զոհվել: ՀՀ բանակի ավագ լեյտենանտ (1993): Հետմահու պարգեւատրվել է ՀՀ եւ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով: Երեւանի թիվ 173 դպրոցը կոչվել է նրա անունով, դպրոցում տեղադրվել է կիսանդրին, բացվել է փառքի սենյակ: Թաղված է Եռաբլուրում: Արցախի հերոս (8.05.2006): Հետմահու պարգեւատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով: