Լոռիի մարզի 67 համայնքների սննդի օբյեկտներում սննդի վերահսկողություն ընդհանրապես չի կատարվում: Այս մասին նշվել է այսօր` դեկտեմբերի 27-ին, Լոռիի մարզային խորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ:
Մարզպետարանի մարզերի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Ռոբերտ Սարգսյանի խոսքով, 2011թ. առաջին կիսամյակում հսկողություն իրականացվել է 13 համայնքի 338 օբյեկտներում եւ արձանագրվել է 41 խախտում, որի արդյունքում նշանակվել է ընդամենը 270 հազար դրամ տույժ: Մարզի 23 համայնքներում առեւտրի ոլորտի օբյեկտներ չկան, իսկ 67 համայնքներում հսկողություն ընդհանրապես չի իրականացվել, այդ թվում 5 եւ ավելի օբյեկտներ ունեցող համայնքներում:
Ոլորտի ներկա իրավիճակը գոհացուցիչ համարել չի կարելի, փաստում է մարզի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Ռոբերտ Սարգսյանը:
Վերջինս, որպես խնդրի լուծում առաջարկել է ուժեղացնել վերահսկողությունը մատուցվող ծառայությունների նկատմամբ, բարձրացնել ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակը եւ բացառել ժամկետանց մթերքների վաճառքն ու հակասանիտարական դրսեւորումները: Իսկ ՏԻՄ ղեկավարներից պահանջեց վերահսկողական գործառույթ իրականացնող մասնագետների վերապատրաստման հարցը պահել մշտական հսկողության տակ:
Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ իր հերթին նշել է, որ պետք է ոչ միայն սննդի պիտանելիության ժամկետին ու կշեռքի ճիշտ աշխատելուն ուշադրություն դարձնել, այլ նաեւ վաճառողների հակասանիտարական ու հակահիգիենիկ տեսքին:




























