Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր` դեկտեմբերի 28-ին, հանդիպել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի անդամ Ուոլթ Սեքորդին եւ շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանության փաստի, Արցախյան հիմնախնդրի հարցերում նրա ցուցաբերած մտահոգության համար:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Շարմազանովը հույս է հայտնել, որ ՀՅԴ խմբակցության պատգամավորների շնորհիվ ստեղծված ներկա հանդիպումը շարունակական բնույթ կստանա եւ  կդառնա միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացման հիմք:

Ուոլթ Սեքորդը տեղեկացրել է, որ ինքը Հայաստանի հետ  պատգամավորական բարեկամության խմբի փոխնախագահն է: Շատ է լսել ցեղասպանություն տեսած  հայ ժողովրդի պատմության, նրա մշակույթի ու ժողովրդավարական երկիր կառուցելուն միտված ներկա գործընթացների մասին, բայց որոշել է ամեն ինչ իր աչքերով տեսնել: Ինքն առաջին ավստրալիացի պատգամավորն է, որ եղել է Արցախում, հանդիպել ԼՂՀ-ի ԱԺ նախագահի հետ, զգացել անկախության ձգտող արցախահայության կամքն ու նպատակասլացությունը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացների մասին` երկուստեք արձանագրել են, որ ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցը այն դատապարտելն է, իսկ Արցախի անկախ ու ազատ ապրելու իրավունքը անբեկանելի է:

Պարոն Ուոլթ Սեքորդը տեղեկացրել է, որ հանդիպումից անմիջապես հետո ինքը կայցելի ցեղասպանության թանգարան ու հուշահամալիր` իր հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: