2010 թ. 4500 քաղաքացիների շրջանում կատարված հարցումների համաձայն` առողջապահությունում կոռուպցիայի մակարդակը գնահատվում է 68.3 %, ընտրական համակարգում` 66.4 %, կրթությունում` 62.3 %: Համեմատության համար` պետավտոտեսչությունում կոռուպցիայի գնահատականը 52.7 % է:Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց փորձագետ Արմեն Խուդավերդյանը: Սակայն 2011 թ. հունիսին կատարված հարցումները ցույց են տալիս, որ կոռուպցիայի հասարակական ընկալումն այդ ոլորտներում նվազել է: Մասնավորապես` առողջապահության ոլորտում կոռուպցիայի նվազմանը նպաստել է առողջապահաության ոլորտում ծննդօգնության հավաստագրերի համակարգի ներդրումը:

Ա. Խուդավերդյանը հիշեցրեց, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության զեկույցի համաձայն` Հայաստանում կոռուպցիայի համաթիվը գնահատվում է 2.6, ինչը համակարգային կոռուպցիայի վկայություն է:

Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի սանդղակում կոռուպցիայի համթիվը տատանվում է 0-10 միջակայքում, որտեղ 0-ն` ամենաբարձր կոռուցիայի գնահատականն է: Մինչեւ 3 համաթիվը վկայում է համակարգային կոռուպցիայի մասին: