Վրաստանը երբեք չի կանգնել երկընտրանքի առջեւ` ՆԱՏՕ՞, թե՞ կորցրած տարածքների վերադարձ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 28-ին, Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգի Բոկերիան, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Նրա կարծիքով, կասկածելի է այն հանգամանքը, երբ քաղաքական որոշ ուժեր շեշտը հիմնականում դրա վրա են կատարում:
«ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովից առաջ, քաղաքական կուսակցություններից մեկը ասպարեզ բերեց այդ թեման, թե ՆԱՏՕ-ի անդամ դառնալով մենք կորցնում ենք Աբխազիան ու Հարավային Օսիան: «Ազգային ֆորումն» առաջինն էր, ով բարձրաձայնեց այդ երկընտրանքը: Հուսով եմ, որ ով խոսում է այս մասին, գաղտնի նպատակներ չի հետապնդում»,-նշել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ընդգծելով, որ նման հայտարարություններն իրենց մեջ վտանգներ են պարունակում:




























