2011թ-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վաստակավոր արտիստի կոչման արժանացած երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի ընտանիքում, «մյուս բոլորի նման», Նոր տարուն զբաղված են «փող ճարելով»:
«Ամենակարեւոր սովորույթ դարձած ավանդույթը, որով չենք տարբերվում մյուսներից, դա այն է, որ այդ օրերին փող ենք ճարում, իսկ առահասարակ Նոր տարին դիմավորում ենք սովորականի պես, այցելում ենք հարազատներին, խմում, ուրախանում: Իսկ առհասարակ Նոր տարին շատ եմ սիրում»,-այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց Դավիթ Ամալյանը: Նա 2011թ-ի ընթացքում ձեռքբերումներին եւ բացթողումներին չցանկացավ անդրադառնալ, նկատելով, որ Ամանոր է եւ ցանկանում է, որ ամեն ինչ լավ լինի: «Մի քիչ այն չէ երկրի վիճակը, բայց հավատացած եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես կարող եմ շատ վերամբարձ բաներ ասել: Թող ուրախ տարի լինի, սերը, ջերմությունը եւ անկեղծությունը ապաստանի բոլորի ընտանիքներում»,- ցանկացավ երգիչ, երգահանը:
Իսկ երգչուհի Լիլիթ Պիպոյանը նախընտրեց խոսել իր անձնական ձեռքբերումներից եւ բացթողումներից: «Տարվա առաջին կեսը մատնված եմ եղել դադարի եւ անգործության, իսկ երկրորդ կեսը լի էր ստեղծագործական աշխատանքով: Արել եմ կոմիտասյան 20 երգերի գործիքավորումներ, որոնք արդեն ձայնագրվում են, տվել եմ մի քանի համերգ»:
Այնուհետեւ խոսելով ընտանիքում ավանդույթ դարձած սովորույթից, նա նշեց. «Սովորաբար ես ամանորյա սեղանի համար կիսաֆաբրիկատների պատրաստութունը տեսնում եմ դեկտեմբերի 30-ին, իսկ 31-ին որպես կանոն դուրս ենք գալիս ընտանիքով եւ գնում մի տեղ շրջելու: Եթե այդ օրը ձյուն է գալիս, ավելի լավ, զբոսնում ենք, խաղում: Հետ մի քիչ հոգնած մրսած գալիս ենք տուն եւ երեկոյան շատ թեթեւ սեղան ենք գցում, շնորհավորում ենք իրար եւ այդպես: Երեխաները մեծ են արդեն, դուրս են գալիս իրենց ընկերներին շնորհավորելու»:
Ինչ վերաբերում է բարեմաղթանքներին, Պիպոյանն ասաց. «Ես շնորհավորում եմ բոլորի Նոր տարին: Ցանկանում, որ մարդիկ ուրախ լինեն, առողջ, երջանիկ, սիրեն եւ լինեն սիրված իրենց սիրելիների կողմից, երբեք չբաժանվեն իրարից: Հարազատները ստիպված չլինեն հեռանալ իրարից: Դա ինձ համար ցավոտ խնդիր է` չեմ ցանկանում, որ ընտանիքները քանդվեն: Ցանկանում եմ, որ բոլորի ընտանիքներում բարեկեցություն լինի եւ յուրաքանչյուր մարդու պոտենցիալը չայրի ներսից, այլ դառնա գործ: Նաեւ բոլորի իղձերին իրականացում եմ մաղթում»:
Երգիչ ֆորշը 2011թ-ի հետ կապված ձեռքբերումներ, բացթողումներ կամ սովորույթ դարձած ավանդույթ չառանձնացրեց ընդամենը իր սերը խոստովանեց. «Ես բոլորին շնորհավորում: Հայ ժողովրդի ցավը տանեմ: Ես հայ եմ եւ ուղղակի սիրում եմ իմ քաղաքը, սիրում եմ հայերին: Այսքան բան»:




























