ՀԿԿ-ական նախկին պատգմավոր Հակոբ Հակոբյանն («Ճոյտ») իր շրջապատից շատերին նետել է քաղաքական աղբանոց, իսկ շատերն անգիտակցաբար հավաքել են այդ աղբը եւ դարձել իրենց սեփականությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հակոբ Հակոբյանը, ով մի քանի հետաքրքիր բացահայտումներ արեց: Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը:

Պարոն Հակոբյան ինչո՞ւ որոշեցիք մեծամասնական ընտրակարգով առաջադրել Ձեր թեկնածությունը 2012-ի խորհրդարանական ընտրություններում: Արդյոք ՀՀԿ-ն, որի անդամն ենք նաեւ Դուք, իր աջակցությունը չի՞ ցուցաբերել Ձեզ:

Նման որոշում կուսակցությունը դեռ չի կայացրել:

Բայց Դուք շտապեցիք հայտարարել, թե առաջադրվում եք. ինչո՞ւ:

Այստեղ ես մեծամասնականով եմ ընտրվել, հետեւաբար ուզում եմ, որ կրկին մեծամասնականով ընտրվեմ: Ինչպես նաեւ կարծում եմ, որ չեմ շտապել:

Ձեր առաջադրման մասին  ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի, ՀՀԿ-ական պատգամավոր Սերյան Սարոյանի կողմից մեսիջներ ստացե՞լ եք, թե` ոչ:

Ես նմա՞ն եմ մի մարդու, որ ինձ որեւէ մեկը կարողանա մեսիջ ուղարկել: Ինձ որեւէ մեկը, որեւէ մեսիջ չի կարող ուղարկել: Թող էթան իրենց մտերիմներին ուղարկեն մեսիջներ:

Իսկ նրանց հետ մրցակցության պարագայում Ձեր շանսերը ինչպե՞ս եք գնահատում:

Ցանկացած մարդու, ցանկացած քաղաքացու շանսերն էլ մեծ եմ գնահատում: Ես հո բախտ նայող չե՞մ, որ միանգամից ասեմ, ոնց ա լինելու ու ինչպես:

Ներկա պահին Ձեր հարաբերությունները Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի հետ ինչպե՞ս են:

Մենք բարեկամներ չենք:

Իրար տեսնելիս գոնե բարեւո՞ւմ եք:

Շատ սովորական, բնականոն, շփվում ենք ինչպես շարքային բոլոր քաղաքացիները: «Բարեւ-բարլուսը» պահպանվում է: Մենք հո թշնամիներ չե՞նք:

Ասում են, որ Դուք ցանկանում եք փոխել Ձեր կուսակցական պատկանելիությունը:

Դե տեսնում եք, օրինակ, Պարույր Հայրիկյանը սառեցնում է, էն մյուսը տաքացնում է, մյուսը փոխում է: Քաղաքական դաշտում ամեն ինչ էլ հնարավոր է, բայց այսօրվա վիճակով ես ավելի շատ ՀՀԿ-կան եմ: Կուսակցություններից իրենց անդամագրվելու առաջարկներ շատ եմ ստացել, բայց դեռ որոշում չեմ կայացրել: Եթե ինչ-որ բան որոշեմ` կասեմ: Ներկա պահին քննարկումներ են գնում:

Պարոն Հակոբյան արդյոք այստեղ խանդը չի՞ խոսում, որ ՀՀԿ-ն Մանվել Գրիգորյանին եւ Սեյրան Սարոյանին ավելի մեծ տեղ է հատկացնում, քան` Ձեզ:

Ես, որեւէ մեկին, որեւէ անգամ չեմ խանդում: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ՀՀԿ-ն ում ինչքան հնարավորություն է տվել, ես դա չեմ տեսնում: Չեմ տեսնում մամուլում, չեմ տեսնում խորհրդի որոշումներում:

Ասում են, որ հաճախ եք լինում գերեզմանոցում: Դա ինչո՞վ է պայմանավորված:

Հանգուցյալներն ամենաանշառ մարդիկ են, որեւէ մեկը, որեւէ կեղտոտություն չի անում, որեւէ մեկը որեւէ, մեկին չի քծնում, որեւէ մեկը, որեւէ մեկին չի սիրաբանում, տակը չի փորում եւ վատ բան չի ասում, ինչն այսօր առկա է քաղաքական դաշտում: Բոլորին կառաջարկեմ հաճախ այցելել եւ կհամոզվեն, որ շատ ավելի թեթեւ իրենց կզգան, ավելի բարի կդառնան, քան մինչ այդ:

Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ վերը թվարկված մարդկային տեսակները Ձեր շրջապատում շատ են:

Իմ շրջապատում ովքեր, որ այդպիսին էին, ես նրանց դեն եմ նետել քաղաքական աղբանոց: Իմ շրջապատում այսօր առողջ մարդիկ են, իսկ իմ կողմից քաղաքական աղբանոց դեն նետված շատերին, ցավոք սրտի, մարդիկ չհասկանալով, որ աղբ է, հավաքել են եւ դարձել իրենց սեփականությունը:

Եթե կարելի է, անուններ կնշե՞ք:

Ես չէի ցանկանա անուններ նշել, դա հասարակությանը հայտնի է:

Նոր տարին որտե՞ղ եք դիմավորելու:

Ինչպես միշտ` Հայաստանում: Ես ունեմ հանգուցյալ որդի եւ Նոր տարվա գիշերը  ես անց եմ կացնում գերեզմանոցում: Եվ ոչ միայն ես, այլ ամբողջ մեր ընտանիքը: Դա մեր տան, այսպես ասած, սովորությունն է: Մինչեւ հունվարի 10-ը ընտանիքով կմնանք Հայաստանում, իսկ դրանից հետո ընտանիքս գնալու է արտերկիր հանգստանալու, բայց դեռ չենք որոշել, թե կոնկրետ որտեղ:

Եվ վերջում ձեր ակնկալիքները 2012թ-ից:

Կուզենայի, որ ժողովուրդը քաղաքականապես զարգանար եւ ընտրությունների գնալով հասկանար, թե ուր է գնում ու ինչ է անելու, իսկ ընտրություններից հետո դառնար վերահսկող մարմին: Ինչ վերաբերում է ինձ, ես ամեն ինչ տեսնել եմ կյանքում, թե` լավը, թե` վատը: Հետեւաբար, կուզեի, որ երկրում խաղաղություն լիներ, երբեք պատերազմ չլիներ եւ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ունենար իր աշխատանքը, որ կարողանար իր աշխատանքով ընտանիքը պահել: Իսկ կոնկրետ ինձ առարկայական ոչինչ հարկավոր չէ:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը