NEWS.am-ը Ամանորի կապակցությամբ փորձել է պարզել, թե ինչպես են տարվա գլխավոր տոներից մեկը նշելու մեր գործընկերները:

Շողեր Մաթեւոսյանի ընտանիքում ամանորյա ծախսը 250-300 հազար դրամի սահմաններում է

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը Ամանորը միշտ տանն է անցկացնում, «տնից չեն փախչում, որովհետեւ տնից փախչել չի կարելի»: Նա պատմեց, որ թերթի վերջին համարը լույս տեսնելուց հետո (դեկտեմբերի 28-ին), անցել է խոհանոց եւ սկսել ամանորյա նախապատրաստությունները, որին ինքը մասնակցում է միայն խոհանոցի մասով, գնումները չի կատարում, տոնածառն էլ երեխաներն են զարդարում: Իսկ թե ինչ է պատրաստում «ՉԻ» գլխավոր խմբագիրը, երկու բառով ասած` պարզ ու համով բաներ, որ «հաջորդ օրը էլի պատրաստեն եւ չթունավորվեն»: Օրինակ` գառան բուդ, Լոռիի խոզ, տեղական հնդուհավ են սիրում պատրաստել: Նախընտրում են ծովային մթերքներով սալաթներ, որոնք եւս պատրաստում են քիչ-քիչ եւ ամեն օր: Փոխարենը` Շողեր Մաթեւոսյանը չի սիրում եւ չի պատրաստում խմորեղեն եւ դա գնում են  «համեղ պատրաստողներից»: Ի դեպ, նրանց ընտանիքում մեկ ավանդույթ կա, բարեկամները, ընկերները իրենց տուն այցելում են հունվարի 3-6-ին, իսկ խմբագրությունում անցյալ տարվանից հունվարի 23-ը հայտարարել են տոն օր:  «Ավելի շատ ուրախանում ենք, քան թե երկար եւ խորը սնվում»,- ասաց նա` հավելելով, որ ամանորի շրջանակներում իր ընտանիքը ծախսում է 250-300 հազար դրամ:

«ՉԻ» խմբագիրն Ամանորին ժողովրդի համար աշխատանք է ցանկանալու, բարօրություն, առողջություն եւ ուրախություն: Շողեր Մաթեւոսյանը հիշեց, որ մի տարի գնացել էին պոպոք գնելու, բայց կանաչ պոմիդոր տեսան եւ բերեցին դեկտեմբերի 31-ին թթու դրեցին:

Արամ Աբրահամյանը օգնում է կնոջը, օրինակ` հավ է մաքրում, կարտոֆիլ է կլպում

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը եւս Ամանոր դիմավորելու է տանը` ընտանիքի հետ: «Դիմավորելու ենք միասին, հետո գնալու ենք կնոջս ծնողների մոտ, ովքեր մոտիկ են ապրում, 1-2-ին վերադառնալու ենք տուն եւ քնելու ենք: Իսկ  ամսի 2-ին իմ մոտ կգա «Առավոտի» կոլեկտիվը»,- նշեց գլխավոր խմբագիրը:

Ի դեպ, Արամ Աբրահամյանը հարցազրույցի պահին արդեն ծախսել էր մոտ 100 հազար դրամ: Նա արդեն գնել է խոզի բուդը, հնդուհավը, չարազը, եգիպտացորեն, կոնֆետի մի մասը եւ կարծում է, որ եւս 100 հազար կծախսի` հաշվի առնելով, որ հունվարի 2-ին իրեն հյուրընկալվելու է 30 հոգի:

«Առավոտի» գլխավոր խմբագրի ընտանիքում ճաշացանկը որոշում է նրա կինը, իսկ Արամ Աբրահամյանն օգնում է նրան` մթերքները գնելով եւ տուն բերելով: Ավելին` դեկտեմբերի 31-ին  առավոտվանից իրեն նվիրում է ընտանիքին եւ մեծ վարպետություն չպահանջող գործերում օգնում կնոջը, օրինակ` հավ է մաքրում, կարտոֆիլ է կլպում, այսինքն`  այնպիսի բաներ, որոնք խոհարարական հմտություններ չեն պահանջում: «Նոր տարվա օրը ես կնոջս օգնում եմ»,- ասաց նա: Նա, ի տարբերության հայ տղամարդկանց մեծ մասին, դեկտեմբերի 30-31 սոված չի մնում: «Ենթադրենք կարտոֆիլը խաշած է, կարելի է փախցնել մի հատը  եւ քաղցը բավարարել, ինչ-որ պոլուֆաբրիկատներ կան»,- նշեց Արամ Աբրահամյանը:

Նա չնշեց, թե ինչ է նվիրելու կնոջը եւ երեխաներին, քանի որ չէր ցանկանում կոտրել Ձմեռ պապիկի առասպելը: Ինքը` խմբագիրը, Ձմեռ պապիկից ուզելու է, որ իր 7 աշխատանքներից գոնե երեքը կրճատվի եւ ինքը աշխատի երեք տեղ, ոչ թե 7: Անդրադառնալով ամանորյա միջադեպերին` նա պատմեց, որ մի անգամ Ամանորի գիշերը անջատել էին լույսերը, բայց ինքը «զենք չվերցրեց եւ չգնաց «Էլցանցեր»` սպառնալու աշխատողներին, այլ միացրեցին մարտկոցներով աշխատող ռադիոընդունիչը եւ շատ լավ ուրախացան: Իսկ անցյալ տարի նրանք Ամանորը անց են կացրել հանգստյան տներից մեկում, որտեղ կին թամադան անընդհատ ասում էր` «լիացրեք ձեր սրտերը», ինչը խմբագրի համար անհասկանալի է:

Արմինե Օհանյանի ամենուրախ Ամանորը` Մոսկվայի թատրոններից մեկում տղամարդկանց ստրիպտիզ դիտելիս

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ամանորը սովորաբար անց է կացնում արտերկրում: Օրինակ` նախորդ տարի դստեր հետ գնացել էին Հորդանան, իսկ այս տարի դեռ չեն որոշել` ուր են գնալու, բայց սիրում է տաք երկիր, ծով եւ ծոխափնյա հանգիստ: Գլխավոր խմբագիրը նշեց, որ արտերկրում Ամանորն անցկացնելը ավելի էժան է, քան Հայաստանում, օրինակ` ամանորյա հանգիստը իր դեպքում արժենում է մոտ 1000 դոլար գումար: «Ամբողջ տարին սպասում ենք այդ երկու շաբաթը հանգստանալուն եւ այս վերջին երկու տարիներին աշխատում եմ լիարժեք հանգստանալ, կտրվել Հայաստանից, կյանքից, աշխարհից, քաղաքականությունից, դրա համար` որպես կանոն, Հայաստանում չեմ լինում: Ափսոսում եմ այդ արձակուրդի օրերը եփել-թափելու, հյուր ընդունելու վրա վատնեմ»,- ասաց նա` հավելելով, որ չի սիրում ամանորյա այդ աժոտաժը եւ Նոր տարին պետք է ավելի թեթեւ, ուրախ, տոնական տրամադրությամբ նշել, ոչ թե ծանր ուտելիքներ ուտելով եւ ստամոքսի խանգարումներ ստանալով: «Հրապարակի» խմբագրին Նոր տարվա կապակցությամբ սովորաբար օծանելիք են նվիրում, ինքը էկզոտիկ ծաղիկներ է սիրում ստանալ, իսկ դստերը նվիրելու է իր հետ արտերկիր ուղեւորվելու հնարավորությունը: «Մի 5 տարի  առաջ Ամանորի գիշերը քրոջս հետ Մոսկվայի առաջադիմական թատրոններից մեկում ենք անցկացրել, Նոր տարվա շոու էր, տղամարդկանց ստրիպտիզ, «Կանանց գիշեր» էր կոչվում ներկայացումը, Ռուսաստանի լավագույն դերասաններն էին խաղում: Դահլիճում միայն կանայք էին, տղամարդ չկար, շատ լավ շոու էր: Երբ ավարտվեց, մոսկովյան խցանումներն էին, 23.45 մի կերպ շնչակտուր տուն ենք մտել»,-իր կյանքի ամենատպավորիչ, ուրախ Ամանորը պատմեց Արմինե Օհանյանը: Գլխավոր խմբագրի ամանորյա բոլոր խնդրանքները միայն կապված են թերթի հետ, ցանկանում է` ազատվեն այս դատերից, հաջորդ տարի ավելի թեթեւ, խաղաղ, աշխատանքային տարի լինի. «Իմ անձնականն ու աշխատանքը շատ սերտաճած եմ, չեմ կարող անջատել իրարից»,- նշեց նա:

Ամանորը Հայկազ Ղահրիյանի «սրտով չէ»

«Լրագիր» ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Հայկազ Ղահրիյանը Ամանորը դիմավորելու է տանը` ընտանիքի անդամների հետ: Անձամբ ամանորյա նախապատրաստություններին գլխավոր խմբագիրը չի մասնակցում, գնումներ չի անում, խոհանոցային գործերում չի օգնում, միայն արդեն զարդարված տոնածառը «խմբագրում է»` կոսմետիկ փոփոխությունների ենթարկելով: «Ամանորը իմ սրտով չէ: Իմ համար սովորական, շարքային օր է»,- ասաց գլխավոր խմբագիրը` հավելելով, որ ճոխ ու երկար չեն նշում Նոր տարին, քիչ է խմում ու չի պարում: Հայկազ Ղահրիյանը Ձմեռ պապիկի չի հավատում, փոխարենը` լավ բաներ սպասում է լրագրողներից, հասարակությունից  եւ այլն: Գլխավոր խմբագիրը նշեց, որ արձակուրդ չեն գնալու, ամանորյա օրերին էլ են աշխատելու:

Պատրաստեց` Ինգա Մարտինյան