Հայկական հեռուստաալիքները արտոնագրվելու են Ռուսաստանի Դաշնության տարածքում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի ղեկավար, Միջպետական մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
Նրա խոսքով, հայկական հեռուստալիքները ցանկանում են միանալ ռուսաստանյան կաբելային ցանցերին, բայց խնդիր է ծագել արտոնագրման հետ: «Սակայն այդ խնդիրը կարելի է լուծել, քանի որ մենք հայ գործընկերներին ցանկանում ենք տրամադրել այդ խնդրի լուծման բացարձակապես նոր եւ տեխնոլոգիական լուծում»,- նկատել է նա եւ հավելել, թե այսօր Ռուսաստանի տարածքում արբանյակի միջոցով հեռարձակվում են ուկրաինական եւ չինական ալիքները, իսկ հայկականները պետք է անպայման միանան այդ ցանցին:
Շվիդկոյը նաեւ նշել է, թե հաջորդ տարի կայանալու են Հայկական հեռուստատեսության օրեր Ռուսստանում: Ըստ Շվիդկոյի, նպատակահարմար է կազմակերպել համագործակցություն հայկական ալիքների հետ ՌԴ-ում հայերի զանգվածային բնակության վայրերում:



























