Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, դեկտեմբերի 28-ին այցելել է CAHL (Center for Armenian Handicaps in Lebanon) հաստատության հայ ծերերի տուն, նույն հաստատության մանուկների հատուկ դպրոց, ինչպես նաեւ Լիբանանի հայ համայնքի ընկերային ծառայողների միության մտավոր թերաճ հայ մանուկների «Զվարթնոց» կենտրոն:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Քոչարյանը հաստատությունների ղեկավարներին եւ սաներին փոխանցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները եւ դրամական նվիրատվությունը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այնուհետեւ դեսպան Քոչարյանն ընթերցել է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձները: Հաստատությունների ղեկավարներն ու խնամակալներն իրենց երախտագիտությունն են հայտնել ՀՀ նախագահին հոգատարության եւ ուշադրության համար: Նրանք համառոտ ներկայացրել են մանրամասներ հաստատությունների գործունեության մասին: Կազմակերպվել է նաեւ համերգ երեխաների կատարմամբ:
Դեսպանին ուղեկցել է Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ Արքիեպիսկոպոս Խաչերյանը:
Մոտակա օրերին դեսպան Քոչարյանը կայցելի նաեւ «Թռչնոց բույն» որբ մանուկների հաստատություն` ՀՀ նախագահի շնորհավորանքներն ու նվիրատվությունը երեխաներին փոխանցելու նպատակով:




























