«Ես հաճույքով կմեկնաբանեի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտարարությունը: Ցավոք, կատարված հայտարարությունը դա որսկանի հայտարարություն է, որսկանի բառապաշար է, որը քաղաքականության մեջ մենք չենք հասկանում, որովհետեւ սաֆարիներում որս չենք անում»,- «Հայացք» ակումբում նոյեմբերի 17-ին հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Քոչարյանը նախօրեին անդրադարձել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում իր հասցեին հնչած մեղադրանքներին՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձախողելու մասին, եւ աֆրիկյան մի պատմություն պատմել, ինքն իրեն համեմատելով արջի, իսկ Տեր-Պետրոսյանին՝ արջից ջարդված որսորդի հետ:
«Կարելի է ցավալ, որ այդ մարդը „կլիզմայի“ մակարդակից չբարձրացավ: Կոնկրետ մեղադրանքներ էին ուղղված իրեն, կոնկրետ փաստերի արձանագրումներ էին, եւ ուղղակի պետք է անդրադառնար դրան, եթե ասելիք ուներ»,- Քոչարյանի ասածին գնահատական տվեց Լեւոն Զուրաբյանը:




























