«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը տագնապով փաստում է, որ Երեւան քաղաքում Նոր տարվա շեմին փորձ է արվում բազմաթիվ նոր կառուցապատումներ սկսել: Մասնավոր ընկերությունները, ստանալով որոշակի պաշտոնյաների հովանավորություն, սկսել են հիմքերի համար փոսեր փորել` քաղաքացիներին այնուհետեւ փաստի առջեւ կանգնեցնելու նպատակով: Դա վերաբերվում է ինչպես Նալբանդյան 106, Աբովյան 3/1, Բյուզանի 39 հասցեներին, այնպես էլ մի շարք այլ շինարարական նախագծերին, որոնք ընթացքի մեջ կամ նախապատրաստական փուլում են:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը զգուշացնում է բոլոր քաղաքացիներին, որ եթե տոների ընթացքում նման շինարարությունները շարունակվեն, ապա պաշտոնյաների լավ ցանկությունները միայն ձեւական բնույթ են կրում: Նորից շեշտում ենք, որ բեմականացված քննարկումներին պետք է փոխարինի իսկական քննարկում Երեւանի բնակիչների հետ ցանկացած կառուցապատում իրականացնելուց ամիսներ առաջ:

Թե ընկերությունների, թե պատասխանատուների նման գաղտագողի գործելաոճը խոսում է միայն բավարար կամքի բացակայության մասին: Արդեն այսօր Երեւանը կորցնում է իր քաղաքային մշակույթը եւ դառնում անկանոն կառույցների եւ մարդու կյանքի համար վտանգավոր մի տարածք:

Մոտենում է Ամանորը: Թող որ 2012թ. Երեւանի բնակիչներն ապրեն առավել կանաչ, իրենց երեխաների համար առավել առողջարար եւ հանրային քաղաքում»,- ասված է քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: