Պետքարտուղարությունը լուծարում է այն ստորաբաժանումը, որը վերահսկում էր կլիմայի փոփոխության վերաբերյալ միջազգային բանակցությունները։ Դրա մասին գրում է Politico-ն։
Որոշման մասին ապրիլի 24-ի երեկոյան զեկուցվել է պաշտոնապես «Գլոբալ փոփոխությունների բյուրո» կոչվող ստորաբաժանման աշխատակիցներին։ Աշխատանքի դադարեցման ժամկետները դեռևս հայտնի չեն։
Պետքարտուղարության խոսնակը հաստատել է, որ բյուրոն լուծարման գործընթացի մեջ է՝ նշելով, որ դա արվում է նախագահ Դոնալդ Թրամփի՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային համաձայնագրերին ԱՄՆ մասնակցությունը դադարեցնելու հրամանագրով պայմանավորված։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ բյուրոն փակելու որոշումը արժանացել է աշխատակիցների սուր քննադատությանը։ «Դա կխաթարի կլիմայի շուրջ միջազգային համագործակցությունը ամենաանհարմար պահին»,- ասել է աղբյուրներից մեկը՝ անդրադառնալով նոյեմբերին Բրազիլիայում անցկացվելիք COP30 կլիմայական համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Նա «ռազմավարական առումով ճափազանց հիմար որոշում» է անվանել դա, քանի որ այն վակուում կստեղծի միջազգային կլիմայական քաղաքականության մեջ, որը կարող է լրացնել Չինաստանը։
Պարբերականը հաղորդում է նաև, որ Թրամփի վարչակազմը Միջազգային էներգետիկ գործակալությանը փորձում է համոզել դադարեցնել վերականգնվող էներգիայի աղբյուրների առավելությունները հանածո վառելիքի նկատմամբ ցույց տվող ուսումնասիրությունների և կանխատեսումների հրապարակումը։ Եվրոպական երկրների ներկայացուցիչները դեմ են դրան։ «Վերջերս ԱՄՆ-ը տնօրենների խորհրդի նիստերում կառուցողական չի դրսևորում իրեն», - ասել է անանուն եվրոպացի պաշտոնյան։




























