ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերականգնում է հարյուրավոր օտարերկրյա ուսանողների վիզաները, որոնց օրինական կարգավիճակը հանկարծակի չեղարկվել էր՝ խուճապ առաջացնելով շատերի մոտ, ովքեր վախենում էին անհապաղ արտաքսումից, հայտնել է BBC News-ը՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին։

ԱՄՆ արդարադատության նախարարության դատախազ Էլիզաբեթ Քուրլանը դաշնային դատարանին ասել է, որ ներգաղթի իշխանությունները ներկայում աշխատում են օտարերկրյա ուսանողների վիզաների դիտարկման եւ չեղարկման նոր համակարգի վրա:

Հայտարարությունը հետեւում է ավելի քան 100 դատական ​​հայցերին, որոնք ներկայացվել են ուսանողների կողմից, որոնք հանկարծակի զրկվել են ԱՄՆ համալսարաններում սովորելու օրինական իրավունքից:

Inside Higher Ed կազմակերպության տվյալների համաձայն՝ տուժել են մոտ 1 800 ուսանող եւ 280 համալսարան: Տուժած ուսանողներից շատերը, ըստ երեւույթին, մասնակցել են քաղաքական ցույցերի կամ նախկինում քրեական դատվածություն են ունեցել, օրինակ՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար:

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ ասել էր, որ վարչակազմը կզրկի այն մարդկանց կարգավիճակից, որոնց գործողությունները, ըստ նրա, հակասում են ԱՄՆ շահերին: Այս քաղաքականությունը համատարած վախ եւ շփոթություն է առաջացրել ԱՄՆ հարյուրավոր համալսարաններում, որոշ ուսանողներ որոշել են լքել երկիրը՝ հնարավոր կալանավորումից կամ արտաքսումից խուսափելու համար:

Արդարադատության նախարարությունը ուրբաթ դատարանին հայտնել էր, որ գրառումները կվերականգնվեն Ուսանողների եւ փոխանակման այցելուների տեղեկատվական համակարգում (SEVIS), որը հետեւում է, թե արդյոք օտարերկրյա ուսանողները պահպանում են իրենց վիզաները:

Սակայն ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային մարմինը (ICE) նախկինի պես իրեն իրավունք է վերապահում չեղարկել SEVIS մուտքն այլ պատճառներով:

«Օրինակ, եթե ուսանողը չի կարողանում պահպանել իր ոչ ներգաղթային կարգավիճակը գրանցումը երկարացնելուց հետո կամ ներգրավվում է այլ անօրինական գործունեության մեջ, որը նրան կարող է հեռացնել Միացյալ Նահանգներից՝ համաձայն ներգաղթի եւ ազգության մասին օրենքի»,- ասել է արդարադատության նախարարության դատախազ Էլիզաբեթ Քուրլանը Կալիֆոռնիայի դաշնային դատարանում: