Բոլիվիայի «զոմբի» Ուտուրունկու հրաբուխը դղրդում է, չնայած այն հանգամանքին որ հարյուր հազարավոր տարիներ քնած վիճակում էր, և գիտնականները հիմա համարում են, որ արդեն գիտեն՝ ինչու է արթնանում։

Բոլիվիայի հարավ-արևմտան Անդերում գտնվող Ուտուրունչու հրաբուխը վերջին անգամ ժայթքել է մոտ 250 հազար տարի առաջ: Տասնամյակներ շարունակ այն գազի ամպեր է արձակել, ցնցվել երկրաշարժերից և շրջակա գետնի ձևախախտումներ առաջացնել՝ մտավախություններ առաջացնելով, որ ուր որ է՝ կսկսի լավա ժայթքել։

Սակայն, ըստ PNAS հանդեսում հրապարակված նոր հետազոտության, անսովոր ակտիվությունը բացատրվում է լեռան տակ հեղուկի և գազի շարժումով։

Ուտուրունկուն ծովի մակարդակից 6008 մետր բարձրությամբ քնած խոշոր հրաբուխ է։ Այն ստրատոհրաբուխ է՝ կարծրացած լավայի, հրաբխային մոխրի և ապարների բազմաթիվ շերտերից (նստվածքաշերտերից) կազմված մեծ, զառիթափ, կոնաձև հրաբուխ։

Ստրատոհրաբխային ժայթքումները հաճախ պայթուցիկ են, քանի որ լավան խիտ է և, հետևաբար, հեշտությամբ կլանում է գազը։ Սենթ- Հլելենս լեռը և Վեզուվը երկուսն էլ ստրատոհրաբուխներ են։

Ուտուրունկուն կոչվում է «զոմբի» հրաբուխ՝ իր շարունակական, բայց ոչ մոլեգնող ակտիվության պատճառով, գրում են հետազոտողները իրենց գիտական աշխատությունում։

Ուտուրունկուն գտնվում է Ալտիպլանո-Պունայական մագմայի մարմնի (APMB) անունով հսկայական և չափազանց խոր ստորգետնյա մագմայի ամբարի վերևում, որը տարածվում է հարավային Բոլիվիայի, հյուսիսային Չիլիի և հյուսիսային Արգենտինայի ընդերքում։ Ալտիպլանո-Պունայական մագմայի մարմնի մագման կարող է վերև մղվել և կուտակվել մակերեսին։

Հրաբխի տակ մագմայի մարմնի առկայությունը կարող է ցույց տալ, որ Ուտուրունկուն պատրաստվում է լավա ժայթքել:

Նոր հետազոտության մեջ գիտնականները վերլուծել են ավելի քան 1700 երկրաշարժերի ազդանշանները՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում հրաբխի տակ, ինչպես նաև ուսումնասիրել են հրաբխի վրա և շուրջը գտնվող ապարների հատկությունները՝ որոշելու համար, թե ինչպես կարող են սեյսմիկ ազդանշանները փոխազդել հողի հետ։

Նրանք պարզել են, որ Ուտուրունկուի շուրջ դիտարկված գետնի ձևախախտումները և երկրաշարժերը կարելի է բացատրել մակերևույթի տակ գտնվող հեղուկների և գազերի շարժմամբ, այլ ոչ թե ներքևից մագմայի արագ բարձրացմամբ, ինչը նշանակում է, որ հրաբուխը պատրաստ չէր ժայթքման, ինչպես ավելի վաղ ենթադրում էին։

Հայտնագործությունը կարող է նաև հետազոտողներին օգնել պարզելու՝ արդյոք աշխարհի այլ հրաբուխներ պատրա՞ստ են ժայթքման։