Եթե անձին մեղադրյալ են ներգրավել 300 կամ 5 հազար դոլար կաշառք տալու համար, ու եթե այդ մարդու նկատմամբ հարուցվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ վարույթ, դա նշանակում է, որ հայցադիմումի մեջ պետք է հիմնավորված լինի, որ այդ կաշառքի դիմաց նա ստացել է որևէ առավելություն, որն էլ այնպիսի եկամուտ է առաջացրել, որով կարողացել է ձեռք բերել համապատասխան գույքը: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողովի ժամանակ նշեց «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր, ԵՊՀ դասախոս, Վահագն Գրիգորյանը՝ անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ որոշմանը:

Նրա խոսքով, ՍԴ-ն սահմանել է, որ այն դեպքերում երբ անձի նկատմամբ հարուցվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ, ուսումնասիրություն՝ հիմքում դնելով անձի մեղադրյալ լինելը, այդ դեպքերում առավելագույնը  բռնագանձման է ենթակա այն գույքը, որը ողջամտորեն կապ ունի այն հանցանքի հետ, որով անձը ներգրավվել է որպես մեղադրյալ։

«Ողջամտորեն կապ ունի ասելով ես հասկանում եմ, որ ամենաքիչը մեղադրյալ ներգրավվելու որոշման մեջ կամ առաջադրված մեղադրանքում պետք է բռնգանաձման ենթակա գույքի վերաբերյալ լինի որևէ նշում, որևէ վարկած, որ գույքը հանցավոր գործունեության արդյունքում կամ հանցավոր եկամուտներով ձեռք բերված գույք է»,-նշեց նա։

Իրավաբանն ընդգծեց՝ ավելին, ՍԴ-ն սահմանել է, որ համապատասխան հանցանքը, որը թույլ է տալիս անձից գույք բռնագանձել պետք է լինի այնպիսին, որ օբյեկտիվ դիտորդի մոտ ստեղծի այն պատկերացումը, որ այդ հանցանքից հնարավոր էր ապօրինի կերպով եկամուտ գեներացնել։

Վահագն Գրիգորյանը նկատեց, որ ՍԴ-ն խոսել է նաև այն դեպքերի մասին, երբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը հարուցվում է  ոչ թե քրեական գործի հետ փոխկապակցվածության հիմքով, այլ օպերատիվ հետախուզական միջոցառումների հիման վրա։

«Այս մասով ՍԴ դիրքորոշումը հստակ է, բռնագանձվել կարող է առավելագույնը այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան անձի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո։ Սա նշանակում է, բոլոր այն փաստաբանները, որ տարիներ շարունակ դատարաններում պայքարում էին, որպեսզի գործերի վարույթները կասեցվեին մինչև ՍԴ-ի այս որոշման կայացումը, ճիշտ էին։ Մեր միջնորդութունները մերժվել են տարբեր հիմքերով, հիմա ունենք այն, ինչ ունենք։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի տեսանկյունից մենք ունենք անլուծելի իրավիճակ։ Դատարանների առջև դրված է այնպիսի խնդիր, որն օրինական ձևով չեն կարողանալու լուծել, քանի որ ժամանակին մեր միջնորդություններն անտեսվել են»,-ասաց նա։