Եվրոպան Ռուսաստանում կորցրած արևմտյան ներդրողներին կհանձնի սառեցված ռուսական ակտիվների 3 միլիարդը, հաղորդում է Reuters-ը։
BBC-ի հաղորդմամբ՝ գումարը կօգտագործվի արևմտյան ներդրողներին փոխհատուցելու համար, այն բանից հետո, երբ Մոսկվան վերջին ամիսներին Ռուսաստանում պահվող միլիարդավոր ներդրողների միջոցները բռնագրավեց։ Այս մասին գործակալությանը հայտնել են երեք աղբյուրներ։ Անցյալ տարվա վերջին Եվրամիությունը փոխեց իր պատժամիջոցների ռեժիմը՝ թույլ տալով վճարումներ կատարել արևմտյան ներդրողներին նման հանգամանքներում, հիշեցնում է Reuters-ը։
Նախկինում սառեցված ռուսական ակտիվներից ստացված տոկոսներն ուղղվում էին Ուկրաինային աջակցելուն։
Բելգիական Euroclear հաշվարկային կենտրոնը հաճախորդներին տեղեկացրել է առաջիկա վճարումների մասին ապրիլի 1-ի փաստաթղթով, որը գործակալության տեսադաշտում է հայտնվել։ «Մենք մեր իրավասու մարմնից թույլտվություն ենք ստացել փոխհատուցման գումարներն ապասառեցնելու և մեր հաճախորդներին տրամադրելու համար», - ասվում է փաստաթղթում, որը մեջբերում է Reuters-ը։
Գործակալությունը չկարողացավ պարզել բռնագրավվող ակտիվների ռուս սեփականատերերի ինքնությունը։
Բելգիայի կառավարությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ, մինչդեռ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը չի արձագանքել Reuters-ի մեկնաբանության հարցմանը։
Պուտինը նախկինում Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվները բռնագրավելու փորձերը անվանել էր գողություն։




























