Գվատեմալայի Պետեն քաղաքի Դոս Պիլաս հնագիտական տարածքի տակ 1990-ականների սկզբին կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են տասնյակից ավելի քարանձավներ, որոնք մ.թ.ա. 400-ից մինչև մ.թ. 250 թվականն օգտագործել են մայաները։
Դրանցից մեկում, որը կոչվում է Կուևա դե Սանգրե կամ «Արյունոտ քարանձավ», հատակին ցրված էին անթիվ մարդկային ոսկորներ, որոնցից շատերը մահվան պահին ստացած վնասվածքային կոտրվածքների հետքեր ունեին։
Ամերիկայի հնագիտական ընկերության տարեկան հանդիպման ժամանակ Կալիֆոռնիայի համալսարանի կենսահնագետ Միշել Բլյուզը մանրամասն ներկայացրել է Կուևա դե Սանգրեից հայտնաբերված ոսկորների իր վերլուծության արդյունքները և պարզաբանել, թե ինչու են իրենք համարում, որ քարանձավը երկու հազարամյակ առաջ հին մայաների զոհաբերության վայր է եղել, գրում է Live Science-ը։
Կենսահնագետը նշել է, որ ոսկորները հայտնաբերվել են հողի մակերեսին, ոչ թե հողի տակ թաղված, իսկ ոսկորների վնասվածքները վկայում են ծիսական անդամահատման, այլ ոչ թե անհապաղ թաղման մասին։
Որոշ մարդկային մնացորդներ նույնպես դասավորված էին ոչ անատոմիական եղանակով, ինչը վկայում է դրանց հավաքման ծիսական բնույթի մասին։ Քարանձավի մի հատվածում, գետնի վրա, հնագետները իրար վրա դարսված չորս գանգեր են հայտնաբերել։
Գիտնականները նշել են, որ ոսկորների վրա հայտնաբերված վնասվածքների համադրությունը, քարանձավում մարդկային մնացորդների բարձր խտությունը և ծիսական առարկաների, մասնավորապես՝ կարմիր օխրայի և օբսիդիանե շեղբերի առկայությունը վկայում են, որ Կուևա դե Սանգրեն հին մայաների ծիսական զոհաբերության, այլ ոչ թե սովորական թաղման արարողությունների վայր էր։
Կուևա դե Սանգրե հնարավոր է մտնել փոքրիկ բացվածքով և դեպի ջրավազան տանող ցածր անցուղով։ Թե՛ այսօր, թե՛ անցյալում քարանձավը տարվա մեծ մասը ջրի տակ է անցել։
Քարանձավը, ըստ ամենայնի, հասանելի է եղել միայն չորային սեզոնին՝ մարտից մինչև մայիս, և հետազոտողները կարծում են, որ այս ժամանակահատվածը կարևոր է զոհաբերության իմաստը հասկանալու համար։ Ժամանակակից մայաների կարևոր ծիսական տոներից մեկը կոչվում է Սուրբ Խաչի օր։ Տոնը նշվել է մայիսի 3-ին՝ անձրևների սկսվելուց անմիջապես առաջ, և մարդիկ այցելում են քարանձավներ՝ աղոթելու անձրևի և լավ բերքի համար։
Ըստ Բլյուզի՝ քարանձավում գտնվող ոսկորների առեղծվածի վերաբերյալ հստակ պատասխանը դեռ մի փոքր ավելի երկար պետք է սպասել։ Կուևա դե Սանգրեից հայտնաբերված ոսկորների վերլուծությունը նոր է սկսվել։ Նախատեսվում են հետագա աշխատանքներ, ներառյալ՝ հինավուրց ԴՆԹ-ի և կայուն իզոտոպների վերլուծություն, որին գրախոսվող հրապարակումներ կհաջորդեն։
«Այժմ մենք կենտրոնացած ենք այստեղ գտնվող այս մարդկանց վրա, քանի որ նրանց հանդեպ միանգամայն այլ կերպ են վարվել, քան բնակչության մեծամասնությանը», - նշում է Բլյուզը։


























