Եթե անգամ իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում էր ինչ-ինչ «մեսիջներ» ուղարկել գործող իշխանություններին, մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանին, դա դժվար թե նրան հաջողվեց, քանի որ նրա «մեսիջները» չեն հետաքրքրում իշխանություններին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է համագործակցել իշխանությունների հետ, նա կարող է դա շատ հանգիստ դա անել, քանի որ նախագահական ընտրություններից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իշխանությունները բաց են ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցելու համար»,- նշեց Շարմազանովը: Ընդհանուր առմամբ, ըստ պատգամավորի, Տեր-Պետրոսյանի ելույթը շատ հակասական էր, մի կողմից քննադատում է իշխանություններին, մյուս կողմից, փաստացի գովելով, ընդունեց, որ Սերժ Սարգսյանն արժանի է Նոբելյան մրցանակի, շաբաթվա եվրոպացու կոչման, եւ ընդհանրապես գործող վսրարչակազմի քաղաքականությունն արդարացված է, իսկ նրա քննադատությունն ուղղակի անհիմն է: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի քննադատությանը մյուս խորհրդարանական ուժերի հասցեին, Շարմազանովի կարծիքով, դա լիովին բնական է, քանի որ մոտենում են ընտրույթունները, իսկ ՀԱԿ-ի վարկանիշը գնալով ընկնում է, եւ նման ելույթներն ուղղակի պատրաստություն են ընտրություններին: «Այսօր ընդդիմադիր դաշտում պայքար կա 2012թ. ընտրույթուններին խորհրդարանական տեղերի համար: Պայքարը գնում է Հայ ազգային կոնգրեսի, ՀՅԴաշնակցության եւ „Ժառանգության“ միջեւ»,- նշել է պատգամավորը:

Ապա Շարմազանովը քննադատության ենթարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած արտաքին քաղաքականությունը՝ հայտարարելով, թե ժամանակին նա դեմ էր հանդես գալիս Հայոց ցեղասպանությունը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների մեջ ընդգրկելուն: Մեկնաբանելով «Միացում» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին արած մեղադրանքները, Շարմազանովը նկատեց, թե քաղաքական միավորումը եթե ժամանակի ընթացքում չի վերաճում կուսակցության, ենթակա է ջլատման:

Կոալիցիոն «Օրինաց Երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արծրունի Աղաջանյանը իր հերթին հայտաարրեց, թե ՕԵԿ-ը, որպես կառավարող կուսակցություն, չունի Տեր-Պետրոսյանի «մեսիջների» կարիքը: «Մենք ունենք մեր ծրագիրը, որ իրացնում ենք, իսկ եթե մենք չենք սպասում նրա „մեսիջներին“, հետեւաբար չենք վերլուծում նրա ելույթները: Ընդհանրապես, ինչպես մենք կարող ենք Տեր-Պետրոսյանի փոխարեն ասել, թե ինչ եւ ում է նա ցանկացել ասել»,- վրդովվեց Աղաջանյանը: Նա նաեւ չբացառեց Հայ ազգային կոնգրեսի պառակտման հնարավորությունը: Խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Տեր-Պետրոսյանի ելույթին արագ արձագանքման մասին, Աղաջանյանն ասաց. «Շատ կուզենայի, որ նախկին նախագահների միջեւ կապ հաստատվեր, եւ նրանք ապրեին Հայաստանի խնդիրներով»:

Նշենք, որ իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը, քննդատելով գործող վարչախումբն ու ընդդիմության շարքերում գտնվող Դաշնակցությանը, զուգահեռ փորձեց պաշտպանել Սերժ Սարգսյանին, հայտարարելով, թե նա բոլոր հարցերում չէ, որ մեղավոր է, քանի որ ծանր ժառանգություն է ստացել Ռոբերտ Քոչարյանից: