Հայաստանում կայուն զարգացման ոլորտում գործողությունները հիշեցնում են Կռիլովի հայտնի «Կարապը, գայլաձուկը և խեցգետինը» առակը, նշել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը՝ ելույթ ունենալով «Կայուն զարգացում. կամուրջ Բրազիլիայում COP 30-ի և Հայաստանում COP 17-ի միջև» համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ։

Մենք կամուրջներ չենք կառուցում, պատեր ենք կառուցում

Նրա խոսքով՝ բիզնեսը քաշում է մի՛ ուղղությամբ, կառավարությունը՝ մի այլ, իսկ հասարակությունը՝ երրորդ ուղղությամբ։ Արդյունքում, չնայած գործադրվող զգալի ջանքերին, նկատելի առաջընթաց չկա. «Կամուրջներ կառուցելու փոխարեն մենք պատեր ենք կառուցում։ Ակնհայտ է, որ իրական առաջընթացի համար անհրաժեշտ են բոլոր կողմերի համաձայնեցված գործողությունները»,- նշել է նա։

Ըստ Ստեփանյանի՝ նման խոչընդոտներից մեկը որոշ պաշտոնյաների հայտարարություններն են հանքարդյունաբերությունը կայուն զարգացման օրակարգից բացառելու մասին։ «Գոյություն ունի այն կարծրատիպը, որ հանքարդյունաբերությունը անխուսափելիորեն ոչնչացնում է կենսաբազմազանությունը։ Սակայն համաշխարհային պրակտիկան ապացուցում է, որ ճիշտ մոտեցման դեպքում այս գործընթացը կարելի է կառավարել»,- հավելել է նա։

Ստեփանյանը նշել է, որ այսօրվա քննարկման ժամանակ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Ֆրանսուազ Ժակոբը հայտարարել է հանքարդյունաբերության ներկայացուցիչների հետ ավելի սերտ համագործակցության պատրաստակամության մասին:

«Սա իսկապես նորություն է։ 2011 թվականից ի վեր ես անձամբ առնվազն վեց անգամ համագործակցության առաջարկ եմ արել ՄԱԿ-ի գրասենյակին, բայց այնտեղ հանքարդյունաբերության ոլորտի հետ ցանկացած երկխոսություն արագորեն դադարեցվում էր. դռներն անմիջապես փակվում էին: Դրա համար էլ բարձրաստիճան ներկայացուցչից նման հայտարարություն լսելը հաճելի անակնկալ էր ինձ համար»,- ընդգծեց նա։

Ստեփանյանը, միաժամանակ, զգուշավոր լավատեսություն հայտնեց. «Մտահոգիչն այն է, որ մեր վերջին նախաձեռնությունը, որին նույնիսկ ընթացք չտրվեց, ներկայացվել է ընդամենը մեկուկես տարի առաջ։ Ես չգիտեմ, թե այս ընթացքում ինչ է փոխվել և ինչ բարեփոխումներ են տեղի ունեցել կառույցի ներսում։ Այնուամենայնիվ, երկխոսության պատրաստակամության փաստն ինքնին հույս է ներշնչում։ Առանց համագործակցության անհնար է առաջ շարժվել»։

Հանքարդյունաբերություն և կենսաբազմազանություն. կարծրատիպեր ընդդեմ փաստերի

Արմեն Ստեփանյանն ընդգծեց, որ այսօր հանքարդյունաբերական գործունեությունն ազդում է երկրագնդի հողերի 1%-ից պակասի վրա, մինչդեռ գյուղատնտեսությունն օգտագործում է մոտ 40-50%-ը։ «Եթե շարժվենք «վնաս է պատճառում, ուստի այն պետք է փակվի» տրամաբանությամբ, ապա նախևառաջ պետք է հրաժարվենք գյուղատնտեսությունից։ Սակայն այս մոտեցումն աբսուրդ է»,- ասաց նա։

Ստեփանյանը նշեց, որ խոշոր հանքարդյունաբերական նախագծերը միլիոնավոր դոլարներ են ներդնում մեկնարկային պայմանների գնահատման մեջ՝ վերլուծելով էկոհամակարգերը, բուսական աշխարհը, կենդանական աշխարհը, միջատները, դրանց դերը կենսաբազմազանության մեջ և հնարավոր վնասը։ Կախված էկոհամակարգի տեսակից՝ կրիտիկական, փոփոխված կամ նորմալ՝ պարտավորություններ են ստանձնում կենսաբազմազանության վիճակը չեզոքացնելու կամ նույնիսկ բարելավելու համար։

«Ամուլսարի նախագիծը կարող է ծառայել որպես պատասխանատու մոտեցման օրինակ։ ԶՊՄԿ-ն իր հերթին կիրառում է նմանատիպ չափանիշ. բոլոր զարգացման ծրագրերն անցնում են կայունության և շրջակա միջավայրի պատասխանատվության պրիզմայով»,- ընդգծեց նա։

Ըստ Ստեփանյանի՝ Հայաստանը դեռևս կենսաբազմազանության ոլորտում համակարգային ռիսկերի կառավարման հաջողված դեպք չունի։ «Սա հատկապես մտահոգիչ է COP17-ի նախապատրաստական ​​​​աշխատանքների համատեքստում։ Մենք հնարավորություն ունենք լրացնելու այս բացը, և այն չպետք է բաց թողնենք »,- եզրափակեց նա։

Նշենք, որ մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում. կամուրջ՝ Բրազիլիայում անցկացվող COP 30-ի և Հայաստանում անցկացվող COP 17-ի միջև» համաժողովը։ Համաժողովը կազմակերպվել էր ICC Armenia-ի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Philip Morris Armenia LLC-ի և DWV-ի հետ համատեղ։