Կանադայի կառավարությունը հայտարարել է, որ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ նրանց կողմից առաջարկվող «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգին միանալու շուրջ, որն ուղղված է «հաջորդ սերնդի» օդային սպառնալիքներին հակազդելուն, հայտնում է BBC News-ը։
Վարչապետ Մարկ Քարնիի գրասենյակը հայտարարել է, որ Կանադայի և ԱՄՆ-ի միջև «ակտիվ քննարկումներ» են ընթանում անվտանգության հարցերի, այդ թվում՝ գոյություն ունեցող և նոր ծրագրերի շուրջ, ինչպիսին է «Ոսկե գմբեթը»։
«Կանադացիները վարչապետին հստակ մանդատ են տվել Միացյալ Նահանգների հետ անվտանգության և տնտեսության ոլորտում նոր համապարփակ հարաբերությունների շուրջ բանակցություններ վարելու համար,- հայտարարել է Քարնիի մամուլի քարտուղար Օդրի Շամպուն։ - Այդ նպատակով վարչապետը և նրա նախարարները լայն ու կառուցողական քննարկումներ են անցկացնում իրենց ամերիկացի գործընկերների հետ։ Այս քննարկումները, բնականաբար, ներառում են NORAD-ի (Հյուսիսամերիկյան օդատիեզերական պաշտպանության հրամանատարություն) ամրապնդումը և դրա հետ կապված նախաձեռնությունները, ինչպիսին է «Ոսկե գմբեթը»»։
Ընդ որում, Շամպուն նշել է, որ դեռ շատ վաղ է խոսել այն մասին, թե որքան կարող է Կանադան հատկացնել այս ծրագրին կամ ինչպես դա կգործի երկրի համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հրապարակել էր հակահրթիռային պաշտպանության նոր համակարգ ստեղծելու ծրագիրը՝ հայտարարելով դրա ստեղծման համար 25 միլիարդ դոլար նախնական գումարի մասին։ Թրամփը հայտարարել է, որ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության նոր ծրագիրը կսկսի գործել մինչև իր նախագահական ժամկետի ավարտը, և որ դրա արժեքը կկազմի 175 միլիարդ դոլար։
Նա հավելել է, որ Կանադան հետաքրքրություն է հայտնել միանալու հարցում։ Փորձագետները կասկածներ ունեն այն հարցում, թե ինչպես ԱՄՆ-ն կկարողանա ստեղծել համալիր համակարգ, և պարզ չէ, թե ինչպես Կանադան կմասնակցի դրան և որքան կվճարի։ «Ոսկե գմբեթ» առաջարկվող համակարգին միանալու Կանադայի պատրաստակամությունը դրսևորվում է երկու երկրների միջև առևտրի և անվտանգության հարցերով շարունակվող բանակցությունների ֆոնին, այն բանից հետո, երբ Թրամփը սպառնացել էր Կանադային բարձր մաքսատուրքերով և հայտարարել, որ նրա համար ավելի լավ կլինի ԱՄՆ նահանգներից մեկը դառնալը։