2012-ի հենց առաջին աշխատանքային օրը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի փոխարժեքը զգալի աճ արձանագրեց: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 387.25 դրամ` դեկտեմբերի 30-ի համեմատ աճելով 1.08 դրամով:

Նշենք սակայն, որ բորսայում նման թանկ փոխարժեքով դոլարը առանձնապես մեծ պահանջարկ չի վայելել` տեղի է ունեցել 1 գործարք եւ վաճառվել է ընդամենը 100 հազ. դոլար:

Հանգստյան օրերին (դեկտեմբերի 31-հունվարի 8) դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում տատանվել է բավական մեծ մարժայով` 380-388 դրամ: Փոխանակման կետերը սպասում էին, թե ինչպես կավարտվի նստաշրջանը բորսայում, որից հետո ավելի կհստակեցվեն փոխարժեքները:

Այսօր արդեն փոխանակման կետերից շատերը համարձակվել են դոլարի առքի փոխարժեքը բարձրացնել մինչեւ 386 դրամ, սակայն վաճառքի փոխարժեքն էապես չի փոխվել: