Չինաստանը պատրաստ է Գերմանիայի հետ համատեղ նոր էջ բացել համակողմանի ռազմավարական գործընկերության երկկողմ հարաբերությունների պատմության մեջ, նպաստել չին-եվրոպական կապերի նոր առաջընթացին, նոր ներդրում ունենալ համաշխարհային տնտեսության կայուն աճի մեջ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, հայտնում է Սինհուան։

ԳՖՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հեռախոսազրույցի ընթացքում Սի Ծինփինը կրկին շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Նա նշել է, որ այն պայմաններում, երբ աշխարհում արագանում են մի ամբողջ հարյուրամյակի ընթացքում չտեսնված փոփոխությունները, իսկ միջազգային իրավիճակը փոփոխական է և անհանգիստ, չին-գերմանական և չին-եվրոպական հարաբերությունների ռազմավարական և գլոբալ նշանակությունն է՛լ ավելի նկատելի է դառնում։

Չինաստանի և Գերմանիայի միջև առողջ և կայուն կապերը բխում են երկու երկրների շահերից և համապատասխանում են ՉԺՀ-ում և Եվրոպայում տարբեր հասարակական շրջանակների սպասումներին, արձանագրել է ՉԺՀ նախագահը։

Չինաստանի ղեկավարն ընդգծել է, որ Չինաստանն ու Գերմանիան անշեղորեն զարգացնում են իրենց երկկողմ հարաբերությունները՝ ելնելով փոխադարձ հարգանքի, տարբերությունները պահպանելով ընդհանուրի որոնման և ընդհանուր շահի համար համագործակցության ոգուց։ Այսպիսի հրաշալի ավանդույթը հարկավոր է խնամքով պահպանել և զարգացնել, նշել է Սի Ծինփինը։

Առաջին հերթին, ՉԺՀ նախագահը կոչ է արել ամրապնդել քաղաքական փոխվստահությունը։ Նա նշել է, որ Չինաստանը Գերմանիան դիտարկում է որպես գործընկեր, ողջունում է նրա զարգացումն ու բարգավաճումը, պատրաստ է ԳՖՀ-ի հետ համատեղ ամրապնդել սերտ փոխանակումները բարձր մակարդակով, հարգել միմյանց արմատական շահերը, ամրապնդել միջպետական հարաբերությունների քաղաքական հիմքը։

Երկրորդ, Սի Ծինփինը կողմերին կոչ է արել բարձրացնել երկկողմ հարաբերությունների կայունությունը։ Ըստ նրա, հարկավոր է ոչ միայն շարունակել ընդլայնել առկա համագործակցությունը ավանդական ոլորտներում, ինչպիսիք են ավտոմոբիլաշինությունը, մեքենաշինությունը և քիմիական արդյունաբերությունը, այլև զարգացնել համագործակցությունն այնպիսի առաջադեմ ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը և քվանտային տեխնոլոգիաները, ինչպես նաև ամրապնդել փոխանակումներն ու համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և կանաչ զարգացումը՝ Չինաստանի և Գերմանիայի իմաստությունն ու լուծումները ներդնելով գլոբալ կայուն զարգացման մեջ։

Երրորդ, ՉԺՀ նախագահը նշել է, որ կարևոր է մեծացնել համագործակցության խթանները։ Նա հավաստիացրել է, որ Չինաստանը պատրաստ է Գերմանիայի հետ կիսել զարգացման հնարավորությունները, որոնք բերում է բարձր մակարդակի արտաքին բացությունը, հավելելով, որ Չինաստանը հույս ունի, որ Գերմանիան ավելի շատ քաղաքական աջակցություն և օժանդակություն կցուցաբերի փոխադարձ ներդրումներին, ինչպես նաև կապահովի արդար, թափանցիկ և ոչ խտրական գործարար միջավայր չինական ձեռնարկությունների համար։

Ըստ Սի Ծինփինի, փաստերն ամբողջությամբ ապացուցել են, որ գործընկերությունը չին-գերմանական և չին-եվրոպական հարաբերությունների ճիշտ դիրքորոշումն է, իսկ կայուն և կանխատեսելի քաղաքական միջավայրը երկկողմ համագործակցության կարևոր երաշխիք է։

ՉԺՀ նախագահը նշել է, որ խոշոր տերությունների պատասխանատվությունը երկու կողմերի ընդհանուր առաքելությունն է։ Հիշեցնելով, որ այս տարի նշվում է Չինաստանի և ԵՄ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակը, Սի Ծինփինը հայտարարել է, որ կողմերը պետք է համատեղ ամփոփեն չին-եվրոպական կապերի զարգացման հաջող փորձը և դրական ազդանշան հղեն բազմակողմանիության և ազատ առևտրի պաշտպանության, ինչպես նաև բաց և փոխշահավետ համագործակցության խորացման մասին։

Իր հերթին Ֆրիդրիխ Մերցն արձանագրել է, որ Չինաստանն աշխարհի կարևորագույն երկրներից է, գերմանա-չինական հարաբերությունները դրական են զարգանում, իսկ համագործակցությունը խորանում է և զգալի արդյունքներ տալիս։

Ներկայիս միջազգային իրավիճակում գերմանա-չինական համագործակցությունը հատուկ նշանակություն ունի, քանի որ թե՛ Չինաստանը, թե՛ Գերմանիան աշխարհի առաջատար տնտեսություններն են, հավելել է ԳՖՀ կանցլերը։

Երկու պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև ուկրաինական ճգնաժամի շուրջ։