Լեհաստանի նախագահի թեկնածուն իշխող կուսակցությունից, Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին հրաժարվել է ստորագրել ծայրահեղ աջ և հակաուկրաինական քաղաքական գործիչ Սլավոմիր Մենցենի հռչակագիրը, որը պարունակում էր Ուկրաինային ՆԱՏՕ թույլ չտալու խոստում, հայտնում է Radio Zet-ը։

Ռաֆալ Տշասկովսկին, ինչպես և ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության կողմից սատարվող Կարոլ Նավրոցկին, ընդունել է հակաուկրաինական «Կոնֆեդերացիայի» առաջնորդ Մենցենի զրույցի հրավերը, որի ընթացքում վերջինս հարցրել է իր ծրագրի հիմնական կետերի վերաբերյալ վերաբերմունքի մասին։ Այդպիսի կետերը ընդամենը ութն են։

Տշասկովսկին և Նավրոցկին, ինչպես հայտնի է, կհանդիպեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հունիսի 1-ին։

Մենցենի հռչակագրի կետերից մեկը խոստումն է, որ թեկնածուն, եթե դառնա նախագահ, չի ստորագրի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացման մասին օրենքը։ Մեկնաբանելով այս կետը, որը հռչակագրում հինգերորդն է, Տշասկովսկին ասել է, որ չի կարող համաձայնել Մենցենի հետ։

«Եթե անվտանգության երաշխիքներ չլինեն, Պուտինը կզինվի և առաջ կգնա։ Լեհաստանը պետք է ձգտի Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելուն»,- ասել է նա։

Նրա խոսքին անմիջապես արձագանքել է Մենցենը. «Եթե Պուտինը կարող է հարձակվել Լեհաստանի վրա, չնայած այն հանգամանքին, որ այն ՆԱՏՕ-ի անդամ է, ապա նա կարող է հարձակվել նաև ՆԱՏՕ-ի կազմում գտնվող Ուկրաինայի վրա»,- հայտարարել է նա։ Տշասկովսկին պատասխանել է, որ կտրականապես համաձայն չէ. «Ես շատ լավ եմ ճանաչում Պուտինին և ուշադիր հետևում եմ նրան։ Նա հասկանում է միայն ուժի լեզուն»։

Մենցենը հայտարարել է, որ «բոլորը գիտեն, որ Ուկրաինան չկարգավորված սահմաններ ունի»։

«Բացի այդ, ԱՄՆ-ն նույնիսկ Բայդենի նախագահության օրոք համաձայն չէր Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Ինչո՞ւ Լեհաստանը պետք է ձգտի անհնարին մի բանի»,- հարցրել է «Կոնֆեդերացիայի» առաջնորդը։

«Ես չեմ ասել, որ դա հեշտ գործընթաց կլինի։ Լեհաստանը պետք է ձգտի Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելուն։ Միայն այդ դեպքում մենք անվտանգ կլինենք»,- ընդգծել է Տշասկովսկին։ Նա նշել է, որ Ուկրաինան պոտենցիալ կարող է ՆԱՏՕ-ին միանալ 10-15 տարի հետո։

Միևնույն ժամանակ Տշասկովսկին դեմ է արտահայտվել լեհ զինվորականներին Ուկրաինա ուղարկելուն։

Արդյունքում Վարշավայի քաղաքապետը հրաժարվել է ստորագրել Մենցենի հռչակագիրը, որը նրա հակառակորդ Կարոլ Նավրոցկին ստորագրել է։

Նավրոցկին նաև հավաստիացրել է, որ չի ստորագրի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացման մասին օրենքը։