Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հասցեին, հաղորդում է Reuters-ը։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի վերաբերյալ ստերի որոշ ասպեկտների մասին»։
Ավելի վաղ, Թրամփը Truth Social սոցիալական ցանցում կտրուկ քննադատել էր Պուտինին՝ Ուկրաինայի 13 շրջանների վրա Ռուսաստանի զինված ուժերի կողմից իրականացված զանգվածային հարձակման համար, որի հետևանքով զոհվել էր 12 և վիրավորվել ավելի քան 60 մարդ։
«Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան պատահեց։ Նա լրիվ խելագարվել է։ Նա անտեղի շատ մարդկանց է սպանում, և ես միայն զինվորների մասին չեմ խոսում։ Հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակվում ուկրաինական քաղաքների վրա առանց որևէ պատճառի։ Ես միշտ ասել եմ, որ նա ուզում է գրավել ԱՄԲՈՂՋ Ուկրաինան, այլ ոչ թե միայն դրա մի մասը, և գուցե դա ճիշտ է, բայց եթե նա դա անի, դա կհանգեցնի Ռուսաստանի անկմանը»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ոչ մի լավ բան չի անում իր երկրի համար»։
«Նրա ասած ամեն ինչ խնդրահարույց է, ինձ դա դուր չի գալիս, և ավելի լավ է դադարեցնեմ այն։ Եթե ես նախագահ լինեի, այս պատերազմը երբեք չէր սկսվի։ Սա Զելենսկու, Պուտինի և Բայդենի պատերազմն է, ոչ թե «Թրամփի», ես պարզապես օգնում եմ մարել մեծ և տգեղ հրդեհները, որոնք սկսվել են ակնհայտ անգործունակության և ատելության պատճառով», - հավելեց նա։





























