ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի այցելել է Անհայտ զինվորի գերեզման և ելույթ է ունեցել Արլինգտոնի ազգային գերեզմանատանը՝ նշելով Հիշատակի օրը և հարգանքի տուրք մատուցելով հայրենիքին ծառայելիս զոհվածներին, հայտնում է CBS News-ը։
«Յուրաքանչյուր օր, երբ Հանրապետությունը ոտքի է կանգնում, հնարավոր է միայն նրանց շնորհիվ, որոնք արեցին այն, ինչ պետք է արվեր, երբ պարտականությունը կանչում էր։
Մեր պարտքը նրանց հանդեպ հավերժական է, և այն ժամանակի հետ չի նվազում։ Այն պարզապես աճում է, աճում և աճում է ամեն տարի։ Նրանց քաջության ամենամեծ հուշարձանը ո՛չ մարմարի վրա է փորագրված, ո՛չ էլ բրոնզի մեջ է ձուլված։ Այն մեր շուրջն է՝ 325 միլիոնանոց ամերիկյան ազգը»,– ասել է Թրամփը։
Իր ելույթից առաջ ԱՄՆ նախագահը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին, որը ամենամյա նախագահական ավանդույթ է, որին Թրամփը մասնակցել է իր առաջին ժամկետի ընթացքում։
Նրան ուղեկցում էին փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, որոնք կանգնած էին նրա հետևում, երբ նա ծաղկեպսակ էր դնում։
Երկուշաբթի՝ տեղական ժամանակով վաղ առավոտյան, Թրամփը Truth Social սոցիալական կայքում գրառում է արել Հիշատակի օրվա մասին՝ մեծատառերով գրելով, որ «ուրախ Հիշատակի օր է մաղթում բոլորին», այդ թվում՝ «այն տականքներին, որոնք վերջին չորս տարիներն անցկացրել են մեր երկիրը ոչնչացնելու փորձերով՝ արմատական ձախերի աղավաղված մտքերով»։ Այնուհետև նա խստորեն քննադատել է ներգաղթի քաղաքականությունը և մեղադրել «դատավորներին, որոնք ատում են Միացյալ Նահանգները և հավատարիմ են մեր երկրի համար հիվանդ ու շատ վտանգավոր գաղափարախոսությանը», հանցագործներին պաշտպանելու մեջ։





























