Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Գեւորգ Պետրոսյանը հաստատել է իր հրաժարականի փաստը: Նրա խոսքով, նախօրեին նա զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել՝ դա պատճառաբանելով առողջական խնդիրներով: Նա խոստովանեց, որ նշանակման ժամանակ չէր կարող պատկերացնել, թե իր առողջությունը կարող է վատթարանալ:
Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, թե կուսակցությունում տեղյակ են Պետրոսյանի առողջական խնդիրներից եւ արդեն նախարարի պաշտոնի համար ներկայացրել են նոր թեկնածուի՝ կուսակցության անդամ Մխիթար Մնացականյանին: Հիշեցնենք, որ նախարարի պորտֆելը Գեւորգ Պետրոսյանը ստացել է ԲՀԿ-ի քվոտայով:
Նշենք, որ Մնացականյանին է պատկանում Կարմիր Խաչի հիվանդանոցը: Բժշկական համալիրի լողավազանում հաճախ լողալու են գալիս հայտնի անձինք եւ պատգամավորներ:




























