«Եթե վարչական դատարանն անփոփոխ թողնի „Հայկական ժամանակ“ օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվող կալանքի մասին որոշումը, ես կհանեմ իմ թեկնածությունը թիվ 10 ընտրատարածքում»,- նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Նշելով, որ ինքը հրաժարվում է պայքարի մեջ մտնել «անազատության մեջ գտնվող թեկնածուի հետ, քանի որ դա բարոյական տեսանկյունից անընդունելի է», նա ընդգծեց, որ հավասար դիրքերից հանդես գալու սկզբունքից ելնելով, ինչպես նաեւ «եղած բացը լրացնելու համար» ինքը պատրաստ է իր քարոզարշավի ընթացքում ներկայացնել նաեւ Ն. Փաշինյանի շահերը։ «Եթե, այնուամենայնիվ, դատարանն արդար որոշում կայացնի եւ ազատ արձակի արհեստական կերպով անազատության մեջ պահվող Ն. Փաշինյանին, մենք բոլորս այդ բանի համար կշնորհավորենք նրան, բայց եթե դատարանն անփոփոխ թողնի որոշումը, ես կոչ կանեմ թիվ 10 ընտրատարածքի բոլոր թեկնածուներին՝ միասնաբար հրաժարվել առաջադրումից»,- տեղեկացրեց Հ. Հովհաննիսյանը։

Հարցին, թե ովքե՞ր են, ի վերջո, թիվ 10 ընտրատարածքում առաջադրվածներից ըննդիմադիր եւ ովքե՞ր, նրա իսկ որակմամբ, «իշխանության դաբրոն ստացած» թեկնածուները, նա հայտարարեց. «Ընդդիմությունն, իհարկե, ներկայացնում ենք ես եւ Նիկոլ Փաշինյանը, իսկ Ազգային միաբանության կողմից առաջադրված Արա Սիմոնյանի կասկածելի լռությունից կարելի է եզրակացնել, որ հենց նա է իշխանության հովանավորյալը»,- համոզմունք հայտնեց Հ. Հովհաննիսյանը՝ կրկին ընդգծելով, որ իր՝ թեկնածությունից հնարավոր հրաժարումն ինքնանպատակ չէ եւ դրան պատրաստ է գնալ միայն հանուն Ն. Փաշինյանի. «Պատրաստ եմ անգամ նրա համար կյանքս զոհել»,- եզրափակեց նա։