Երեւանի ավագանու ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական անդամներիրի միջեւ հակասությունները գնալով ավելի ու ավելի են սրվում, ինչը ավելի վառ արտահայտվել է այսօր՝ նոյեմբերի 18-ին տեղի ունեցած նիստի ժամանակ, երբ ավագանու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Արման Վարդանյանը փորձել է իրենց առարկությունը ներկայացնել օրակարգի՝ ավագանու հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցի վերաբերյալ: Սակայն Գագիկ Բեգլարյանը նկատողություն է արել ԲՀԿ-ականներին, որ նիստի ժամանակ հնչող ելույթները նախապես առաջարկի տեսքով չեն ներկայացնում քննարկման: Քաղաքապետը հայտարարել է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու անդամները մինչ օրս տեղի ունեցած նիստերի ժամանակ երբեք աշխատանքային առաջարկով հանդես չեն եկել: Բեգլարյանը խնդրել է նաեւ, որ ԲՀԿ-ականները չքաղաքականացնեն ավագանին եւ աշխատեն միասին: Սակայն Վարդանյանը չի նահանջել եւ լեզվակռվի է բռնվել հանրապետական Բեգլարյանի հետ:
«Պետք չէ խեղաթյուրել իրականությունը: „Բարգավաճ Հայաստան“ խմբակցությունը բազմաթիվ առաջարկներ է արել, թե՛ հանձնաժողովների միջոցով, թե՛ բանավոր, թե՛ գրավոր: Դուք նշում եք, թե մենք առաջարկություն չենք արել, մենք հակառակն ենք ասում, որ մենք արել ենք բազմաթիվ առաջարկություններ»,- հակադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը: Բանավեճն այնքան է թեժացել, որ Բեգլարյանը քվեարկություն է անցկացրել եւ փակել է նիստը:




























