Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունները՝ ԼՂՀ-ում իբր ավերվող ադրբեջանական գերեզմանատների մասին: ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ ասված է. "Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պուլոխովը հերթական փորձերն է արել ղարաբաղյան կողմին վատ կողմից ներկայացնելու համար՝ այս անգամ էլ պնդելով, թե հայերն ավերում են ադրբեջանական գերեզմանոցները:
Միանգամից նշենք, որ չնմանվելով մեր հարեւաններին, որոնք առ այսօր ամենաբարբարոս ձեւերով ոչնչացնում են հայկական հուշարձանները՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ԼՂՀ իշխանությունները Ադրբեջանի կողմից իրենց պարտադրած պատերազմում պահպանության տակ են առել բոլոր մահմեդական հուշարձանները, այդ թվում՝ ադրբեջանական գերեզմանոցները, ինչում կարողացել են համոզվել բազմաթիվ միջազգային, անգամ ադրբեջանական պատվիրակություններ, որ այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Ինչ վերաբերում է լուսանկարներին, որ իբր վկայում են հայերի կողմից ադրբեջանական գերեզմանոցներն ավերելու մասին, անգամ անզեն աչքով էլ նկատելի է, որ նշված գերեզմանոցում որոշակի ավերածությունները հետեւանք են նույն Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի ժամանակ եղած ռմբակոծությունների: Հենց դրա վրա էլ փորձում է ստեր թխել Պոլուխովը: Ցավոք, նման զեղծարարություններն ու ստերը վաղուց օգտագործվում են ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից: Բոլորի մոտ էլ թարմ է հիշողությունը, թե ինչպես Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամը, որ գտնվում է Ալիեւների բարձր հովանավորության տակ, փորձում էր Կոսովոյում արված լուսանկարները ներկայացնել Խոջալուի դեպքերի տեղ:
Պոլուխովի հայտարարությունը կարելի է գնահատել որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա ստվեր գցելու եւ միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի իշխանությունների կողմից պարբերաբար կազմակերպվող վանդալիզմի ակտերի վրայից շեղելու փորձ: Հիշեցնենք, Բաքվում գերազանցապես հայկական Նարիմանովյան գերեզմանոցի ոչնչացումը ավտոմայրուղի կառուցելու անվան տակ կամ Նախիջեւանում Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացումը:
Որպես հաստատում ներկայացնենք ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոյի՝ օրերս հրապարակված զեկույցից մի հատված. «Էթնիկ հայերի նկատմամբ թշնամական վերաբերմունքը ստիպեց մեծ մասին լքել երկիրը 1988-90թթ., եւ բոլոր հայկական եկեղեցիները, որոնցից շատերը ոչնչացվել են ազգային հողի վրա զանգվածային անկարգությունների ժամանակ, առ այսօր փակ են մնում»:




























