Չի բացառվում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ղեկավարի ԲՀԿ նախընտրական շտաբը: Այս հանգամանքը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չբացառեց նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Գագիկ Ծառուկյանը ղեկավարի ԲՀԿ-ի նախընտրական շտաբը, Ն. Զոհրաբյանն արձագանքեց. «Ով էլ գլխավորի կուսակցության նախընտրական շտաբը, ակնհայտ է, որ բոլոր խնդիրները ճշգրտվելու են կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հասկանալի է, որ ցանկացած աշխատանք, ցանկացած գործառույթ, ի վերջո, գլոբալ առումով, մեծ առումով կոորդինացնելու է կուսակցության նախագահը»:
Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն դեռեւս կուսակցության շտաբի պետի հարցը չի քննարկել, «առավելեւս, որ որեւէ, տեղ չեն շտապում»:
«Ես կարծում եմ դա տեխնիկական խնդիր է եւ տեխնիկական հարցերը օրենքով սահմանված ժամկետով առաջիկայում կլուծվեն»,- ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով, իրենց համար այս պահի դրությամբ առաջնահերթություն է կուսակցության նախընտրական ծրագիրը, որը մշակող ձեւավորված աշխատանքային խումբն ամեն օր աշխատում է եւ աշխատանքի որոշակի փուլից հետո արդյունքը ներկայացնում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին` ստանալով նոր ճշգրտումներ, նոր հրահանգներ: «Կուսակցության համար կարեւորն այն ծրագիրն է, որով ներկայանալու ենք հանրությանը: Մեզ համար հստակ են առաջնահերթությունները, հստակ է կարեւորությունը: Մենք չենք կարծում, որ կուսակցության շտաբը ղեկավարողի հարցը շատ ավելի կարեւոր է, քան այն ասելիքը, որին սպասում է ժողովուրդը եւ այն պլատֆորմը, երկրի տնտեսական, սոցիալական խնդիրները հաղթահարելու այն ուղիները, մեխանիզմները, որն առաջարկելու է ԲՀԿ-ն: Ժողովրդի համար, ընտրողի համար դա է գլխավորը»,-նկատեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:




























