Հայաստանի վարչական դատարանում այսօր՝ նոյեմբերի 18-ին դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ լսվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցը ոստիկանության դեմ:
Նշենք, որ Փաշինյանը պահանջում է ոստիկանության Իջեւանի անձնագրային բաժանմունքին պարտադրել իրեն տրամադրել Հայաստանում 5 տարի մշտական բնակվելու տեղեկանքը: Հիշեցնենք, որ ոստիկանությունը հրաժարվել էր տեղեկանք տրամադրել՝ հայտնելով, թե 2008թ. փետրվարի 26-ից մինչեւ 2009թ. հուլիսի 7-ը Փաշինյանը եղել է հետախուզման մեջ:
Դատական նիստում ոստիկանության ներկայացուցիչները բավական անհեթեթ վիճակում էին հայտնվել: Նրանք չկարողացան այդպես էլ հիմնավորել, որ Փաշինյանը 2008թ. մարտի 1-ից հետո մեկուկես տարի բացակայել է Հայաստանից: Միակ պատճառաբանությունը, թե ինչու Փաշինյանին տեղեկանք չի տրամադրվել, ըստ ոստիկանության ներկայացուցիչների, այն էր, թե Փաշինյանը մոտ 20 տարի չի բնակվել Իջեւանի Մետաղագործների փողոցի բնակարանում: Ի դեպ, 2007թ. նույն բաժանմունքը տվել էր այդ տեղեկանքը: Պաշտպանի այս դիտարկմանը ոստիկաններից հոդաբաշխ պատասխան լսել այդպես էլ չհաջողվեց։ Ոստիկանության ներկայացուցիչները նաեւ ակնհայտ ստում էին, իբր Փաշինյանը 20 տարի չի ապրել այդ տանը, երբ նա ապրում է Երեւանում շատ ավելի քիչ: Ըստ օրենքի, էլ այդ դեպքում ոստիկանությունն իրավունք չուներ տեղեկանք չտրամադրել, քանի որ այլ հասցեում ապրելը չի զրկում տեղեկանք ստանալու հնարավորությունից: Ոստիկանների խոսքից պարզ դարձավ նաեւ, որ նրանք խախտել են միանգամից մի քանի օրենք՝ զրկելով Փաշինյանին տեղեկանքից:
Ի դեպ, դատավոր Արծրուն Միրզոյանը եւս նիստի ընթացքում հասցրել է խախտել օրենքը: Ըստ կարգի՝ եթե հայցվոր եւ պատասխանող կողմերը դեմ չեն, դատավորը պարտավոր է թույլ տալ նկարահանումներ կատարել, բայց, ստանալով Փաշինյանի եւ նրա պաշտպանների ու ոստիկանների համաձայնությունը, դատավորն, այնուամենայնիվ արգելել է տեսանկարահանումներ անցկացնել դատարանի դահլիճում:
Ինչեւէ, Միրզոյանը, լսելով կողմերին, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը հրապարակելու է նոյեմբերի 20-ին, ժամը 10-ին:
«Եթե դատավորը օրենքով շարժվի, միանշանակ, առանց քննարկելու պարտավոր է բավարարել մեր հայցը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:
2008թ. հետընտրական իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Նիկոլ Փաշինյանը ընդդիմության կողմից որպես պատգամավորի թեկնածու է առաջադրվել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում, որտեղ ընտրություններն անց են կացվելու 2010թ. հունվարի 10-ին: Փաշինյանը դեռ կարող է գրանցվել որպես թեկնածու, քանի որ նրա նկատմամբ ուժի մեջ մտած դատական վճիռ չկա, սակայն դրա համար անհրաժեշտ է 5 տարվա մշտական բնակության տեղեկանք:




























