«Հայփոստ» ՓԲԸ-ի Աբովյանի մասնաճյուղի ավագ գանձապահ Անդրանիկ Մանուկյանը, ով  հունվարի 12-ի կեսօրին, ինքնասպանություն էր գործել մի քանի շիշ էսենցիայի լուծույթ խմելով, պարտքեր է ունեցել: Բացի այդ վերջերս պարզվել է, որ նրա հաշմանդամ աղջկա գլխում ուռուցք կա: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Աբովյանի Ակունք գյուղի գյուղապետ Հունան Ռուբենյանը:

Մինչ գյուղապետի կողմից ներկայացված բացահայտումներին անցնելը նշենք, որ Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Եղիշե Պետրոսյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ քրեական գործ է հարուցվել յուրացման փաստով, քանի որ Ա. Մանուկյանի մոտ 17 մլն դրամի պակասորդ է հայտնաբերվել, իսկ ինքնասպանությունը քննվում է այդ գործի շրջանակներում: «Այն, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է, դա  միանշանակ է, իսկ պատճառը միայն քննության ավարտից հետո պարզ կդառնա»,- տեղեկացրեց Եղիշե Պետրոսյանը:

Հարցին, թե Անդրանիկ Մանուկյանի տնից հայտնաբերվե՞լ է այդ 17 մլն դրամը, Ե. Պետրոսյանը պատասխանեց. «Խուզարկություն իրականացվել է, բայց գումարը բնակարանից չի հայտանաբերվել: Ներկա պահին բազմակողմանի քննություն ենք իրականացնում: Ավելին` ասել չեմ կարող»:

Իսկ Աբովյանի Ակունք գյուղի գյուղապետ Հունան Ռուբենյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Անդրանիկ Մանուկյանն իսկապես պարտքեր ունեցել է եւ գումարի հետ կապված պատմությունն իրենց համար նորություն չի եղել: «Ինքը գումար է տվել, ինչ-որ մեկին, որը տարիներ շարունակ չեն վերադարձրել: Բայց չգիտենք, նա «Հայփոստ»-ի գումարներից է տվել, թե` ոչ: Նա նույնիսկ տունն ու տնամերձ հողամասն է վաճառել եւ գյուղում իր տանը չէր բնակվում»,- պատմեց գյուղապետը:

Հունան Ռուբենյանից նաեւ տեղեկացանք, որ Անդրանիկ Մանուկյանն ամուսնացած է, ունի երկու երեխա` մի տղա, որը արդեն վերադարձել է բանակից եւ մի աղջիկ, ով սակայն հաշմանդամ է: Նրա խոսքով, ինքնասպանության վարկածը կասկածի տակ չի դրվում: «Նա մի բանկից գումարը վերցնում, մյուս տեղի պարտքն էր փակում, բայց պակասորդը բացահայտվեց: Բացի այդ, վերջերս բացահայտվեց, որ նրա աղջկա գլխում ուռուցք կա եւ դա էլ իր հերթին նրա հոգեկանի վա ազդեց հավանաբար»,- մանրամասնեց գյուղապետը:

Անդրանիկ Մանուկյանի հորեղբոր որդին` Արմեն Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում եւս նշեց, որ իրենք եւս կասկածի տակ չեն դնում ինքնասպանության վարկածը: «Նա այնպիսի մարդ չէր, որ ինչ-որ մեկը կորղանար հասցնել ինքնասպանության: Ինքը իրենով է արել այդ ամեն»,- նշեց Արմեն Մանուկյանը: Վերջինս հրաժարվեց խոսել պարտքերի պատմության մասին, խոստանալով, որ որոշ ժամանակ անց նոր միայն կխոսի այդ թեմաներով:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Անդրանիկ Մանուկյանին հունվարի 12-ին գտել են Աբովյան-Ջրաբեր ճանապարհահատվածին` ծառերի տակ ընկած: Տեղափոխելով Աբովյանի հիվանդանոց՝ պարզվել է, որ նա մի քանի շիշ էսենցիայի լուծույթ է խմել: Երեկոյան նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա գիտակցության չգալով՝ մահացել է: NEWS.am-ը  ուշագրավ բացահայտումներ էր կատարել նաեւ նրա աշխատանքի հետ կապված: Նույն օրը երեկոյան, երբ տարածվել է նրա ինքնասպանության լուրը, «Հայփոստի» ղեկավարությունը հանձնաժողով է կազմել եւ գույքագրում կատարել դրամարկղում, որի ընթացքում Անդրանիկ Մանուկյանի մոտ 17 միլիոն դրամի պակասորդ է հայտնաբերել: Մեզ հասած տեղեկություններով, վերջինս չի անցել սոցապի չարաշահումների առիթով հարուցված քրեական գործով: Նշենք, որ Մանուկյանը 49-50 տարեկան է:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը