23 տարի շարունակ ամուսնու կողմից ֆիզիկական բռնության ենթարկված Վիկտորյա Նորիկյանն (անունը փոխված է) այդ տարիների ընթացքում ամենամեծ տրավման իր հոգեվիճակից ու վիրավորանքից է ստացել, քան` ֆիզիկական հարվածների ցավից, քանի որ ֆիզիկական հարվածի ցավը անցել է, իսկ հոգեկանը նրա մեջ նստվածք է տվել ու պարբերաբար հիշեցրել անցած տարիների մասին:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում խոստովանեց Վիկտորյա Նորիկյանը, ում գործերը ներկա պահին գտնվում են ապահարզանի փուլում:

Նրա հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

45 տարեկան եմ, արդեն 23 տարի է ամուսնացած եմ: Խնդիրներս սկսեցին ամուսնանալուն պես, բայց միայն 23 տարի անց իմ մեջ այդ ամենին վերջ դնելու ուժ գտա:

Սիրելո՞վ եք ամուսնացել:

Այո, կարծում էի, որ սիրելով եմ ամուսնացել, բայց իմ կյանքն այնքան խառնվեց, որ ինքս էլ այդ հարցի պատասխանը 23 տարի անց չունեմ: Ամուսինս շատ խանդոտ է, նրա խանդն աբսուրդի էր հասնում: Նույնիսկ ինձ իմ հարազատների ու բարեկամների նկատմամբ էր խանդում եւ դա այն դեպքում, որ ես բացարձակապես առիթ չեմ տվել: Հարազատներիս, բարեկամներիս, ծանոթներիս հետ շփվելուց զրկեց:

Կարո՞ղ եք օրինակներով խոսել:

Իմ ամուսինը շարունակում է ինձ հետապնդել, հետեւաբար օրինակներով կխուսափեմ խոսել, միայն ասեմ, որ պատճառները բազմազան էին: Անգամ հեռախոսազանգը կարող էր խոշոր մասշտաբի տուրուդմփոցի պատճառ դառնալ, ընդհուպ մինչեւ ծեծուջարդ: Բայց պատկերացրեք, որ ամենամեծ տրավման հոգեպես եմ ստացել: Հոգեկան տրավման նստվածք է տալիս, դառնում հիշողություն ու միշտ ինչ-որ մի տեղից, ինչ-որ մի ժամանակ կրկին ցավեցնում քեզ: Իսկ համբերությանս բաժակը լցվեց այն ժամանակ, երբ ամուսնուս հայհոյանքների, ծեծի օբյեկտ էին դառնում արդեն երեխաներս: Այ դա արդեն չկարողացա հանդուրժել:

Ձեզ խանդում էր, իսկ երեխաներին ինչո՞ւ էր կշտամբում:

Դե ընդհանուր վիճաբանության ընթացքում, երբ ինձ պաշտպանում էին, արդեն աղջիկներիս էլ էր հարվածներ, հայհոյանքներ հասցնում եւ այսպես միշտ: Ես միշտ փորձել եմ մեր խնդիրները տան պատերից դուրս չհանել, բայց խմած ժամանակ, երբ վիճաբանություն էր լինում արդեն աղմուկի ձայնը դրսում լսվում էր ու հարեւանների շրջանում տարածվում: Իսկ նա ալկոհոլը պարբերաբար չարաշահում էր:

Երբեւէ աշխատե՞լ եք:

Ոչ, թույլ չի տվել, ընդհանրապես չեմ աշխատել: Հիմա նոր մի թեթեւ աշխատանք եմ գտել: Երեխաներս նույնպես գործ են փնտրում: Հենց ամուսնալուծության գործընթացն սկսվեց, ես երեխաներիս հետ հեռացա տնից մինչեւ որ ապահարզանից հետո գույքը բաժանենք: Տղաս փոքր է երկու աղջիկներս մեծ են:

Իսկ Ձեր ամուսինը ինչո՞վ է զբաղվում, գուցե ֆինանսական դժվարությունները եւս վեճի առիթ է եղել:

Նա վարորդ է: Մեր տանը ֆինասական խնդիրներ չեն եղել, թեեւ երբեք գումարն առձեռն ինձ չի տվել: Մեր խնդիրը զուտ կնոջը իրավազուրկ պահելու, մարդկանց հետ շփումից զրկելու հետ էր կապված:

Այս 23 տարիների ընթացքում Ձեր ամենամեծ կորուստները եւ ձեռքբերումները:

Գիտեք, ես իմ կյանքի լավագույն տարիներն արդեն անդարձ կորցրել եմ, բայց փոխարենը ես երեխաներ ունեմ, որոնց համար արժեր տառապել, եթե նրանց ունենալու միակ ճանապարհը դա էր: Ես ինձ լրիվ դատարկ չեմ զգում: Երեխաներ ունեմ, որոնցով հպարտանում եմ, որոնք այդ տարիների արդյունքն են: Ձեռքբերումներից մի քանիսն էլ այն է, որ սկսեցի աստիճանաբար ինքս ինձ ճանաչել, հասկացա, որ կարող եմ նորից սկսել, նոր էջ բացել: Դա ինձ համար հայտնություն էր: Ամենակարեւորը հասկացա, որ ուժեղ մարդ եմ պարզապես սխալ եմ ապրել:

Եթե Ձեզ զրոյից սկսելու հանարավորություն տրվեր, ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում:

Ես հարմարվողականություն չէի դրսեւորի, քանի որ դա դիմացինին քո վրա իշխելու հնարավորություն է տալիս: Ես հասկացել եմ, որ այս ամենի մեջ ես էլ իմ մեղավորությունն ունեմ: Եկեղեցուց սկսած կինը ասում է հնազանդ եմ ու ցանկացած պարագայում դա հիմք ընդունում: Պետք է գիտակցես, որ հնազանդ պետք է լինես, երբ կյանքդ քո սրտով է: Իսկ, երբ զգում ես, որ հնազանդությանդ արդյունքում ոտքի տակ ես ընկնում, հնազանդությունդ արդեն հիմարության է վերածվում:

Իսկ Ձեր ամուսինն ինչպե՞ս ընդունեց Ձեր այս որոշումը:

Մինչեւ հիմա ինձ հետապնդում է, փորձում է հետ պահել իմ որոշումից, բայց մեղա չի գալիս ու իր սխալները չի ընդունում:

Դուք վճռակա՞ն եք Ձեր որոշման մեջ:

Այո, ես դա պետք է անեմ, որովհետեւ 23 տարի փակ վանդակի մեջ, իրավազուրկ կյանքից դուրս գալուց հետո երբեք էլ իմ ձեռքերն այդ շղթաների մեջ չեմ դնի:

Մինչեւ ամուսնանալը, ո՞րն էր Ձեզ համար իդեալական, Ձեր երազած ընտանիքի մոդելը:

Հարգանքի, սիրո, փոխըմբռնման վրա հիմնված ընտանիքը:

Հ.Գ. Այն բոլոր կանայք ովքեր ընտանիքում ենթարկվում են հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական բռնության եւ ունեն իրավաբանական կամ հոգեբանական անվճար խորհրդատվության կարիք կարող են դիմել «Կանանց իրավունքների» կենտրոնի 24 ժամ գործող թեժ գծի հետեւյալ համարին` 010 54 28 28:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը