Կորյունի 5 հասցեում գտնվող «Ռանդեվու» կարաոկեի տնօրինությունն արձագանքել է NEWS.am-ի 2011թ հոկտեմբերի 22-ի ««Ռանդեվու» կարաոկեն բնակիչներին հանգիստ չի տալիս. բնակիչ» վերտառությամբ հրապակված հոդվածին:
Նշենք, որ նյութը գրելու շարժառիթ էր Կորյունի 5 շենքի, 17 բնակարանի բնակիչ Քաջազուն Պետրոսյանի բողոքը, ով ապրում է կարաոկեի վերեւի հարկում եւ պնդում է, որ կարաոկեն հանգիստ չի տալիս այդ շենքի բնակիչներին եւ խախտում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 180-րդ հոդվածը, որով արգելվում է լռության խախտումը հասարակական վայրերում:
«Տարիներ շարունակ այս գործող կարաոկեն չի թողնում, որ մենք հանգիստ ապրենք: Կարծես թե տարածքը առել ենք այդ մարդկանց համար, որպեսզի իրենք էնտեղ զվարճանքներ անցկացնեն, իսկ մենք ստեղ անհանգստանանք մինչեւ գիշերվա 12-ը, իսկ դրանից հետո էլ հարբած հաճախորդները դուրս են գալիս եւ հայհոյանքներ տեղում պատուհանների տակ»,- նշել էր քաղաքացին:
Այդ հարցով շենքի բնակիչները բազմիցս դիմել են տարբեր ատյանների, այդ թվում` Երեւանի քաղաքապետարան, ոստիկանություն, նախագահի վերահսկողական ծառայության պետին, նախագահ Սերժ Սարգսյանին, առողջապահության նախարարին, ոստիկանապետին, բայց «բոլորն անտարբեր պատասխաններ են տվել»: Դիմել են նաեւ դատարան, սակայն «այդ փոքր խնդիրը» մեկ տարի է` հետաձգում են:
Իսկ այսօր` հունվարի 17-ին, կարաոկեի տնօրինությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց կարաոկեն գործում է ավելի քան 8 տարի եւ մինչեւ այդ բնակչի այդտեղ բնակություն հաստատելը ոչ մեկի չի խանգարել, խնդիր չի եղել: Նրանց խոսքով` երկու տարի շարունակ բազմաթիվ ստուգումներ են իրականացվել եւ որեւէ խախտում չի արձանագրվել, երաժշտության մակարդակը նորմայի սահմաններում է:
«Քաղաքացին, բոլոր պետական մարմիններին բողոքելով, խանգարում է մեր աշխատանքին, իսկ իր նպատակն է, որ մենք կա’մ փակվենք կա’մ ինքը տունը վաճառի մեզ իր ուզած գնով` 600 հազար ԱՄՆ դոլարով: Ասում ենք, որ նման գին չկա, ինքը մեկնաբանում է` երկու տարի կաշխատեք, այդ գումարը կհանեք»,- փոխանցեցին տնօրինությունրից` հավելելով, որ նրա տունը 100 մետր էլ չկա: Նրանց փոխանցմամբ` բողոքող բնակիչը իրենց ասել է, թե «եթե քեզ թվում է, որ դու իմ տան տակը պիտի փող աշխատես, ես` նայեմ, չարաչար սխալվում ես»: Ըստ որում «Ռանդեւուից» հայտնեցին, որ այդ բնակիչը իրենց բողոքներով ընդհանրապես չի դիմել, «հեռախոսով, թուղթ ու գրիչը վերցրած դիմում է պետական մարմիններին: Կարաոկեի ղեկավարությունը նաեւ նշեց, որ այդ բնակիչը խաղում է այդ ակումբում աշխատող մոտ մեկ տասնյակից ավել մարդկանց, նրանց ընտանիքների ճակատագրերի հետ:
Կարաոկեի ղեկավարության արձագանքը ստանալուց հետո NEWS.am-ը դիմեց բողոքող բնակչին` Քաջազուն Պետրոսյանին, որպեսզի նա մեկնաբանի իր հասցեին հնչող մտքերը: Բնակիչը հունվարի 17-ին, NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ աղմուկը շարունակում է խանգարել իրեն եւ ինքը շարունակում է դիմել պատկան մարմիններ` հույսով, որ խնդիրը կլուծվի: Ինչ վերաբերում է իր տունը կարաոկեի սեփականատերերին վաճառելու մասին պնդմանը, Քաջազուն Պետորսյանը նշեց, որ դա լրիվ սուտ է եւ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: «Իրենք կլյաուզա են անում, ես իմ տունը չեմ ուզում վաճառել:Իրենք ինձ տեռորի են ենթարկում, որպեսզի ես իմ տունը թողնեմ իրենց եւ գնամ»,- ասաց նա:
Նրա խոսքով` համապատասխան չափումները այդ տարածքում ցույց են տալիս, որ աղմուկը գերազանցում է 8 դեցիբելը, ինչը «սովորական մարդը չի կարող տանել»: Քաջազուն Պետրոսյանը նշեց նաեւ, որ իր խոսքերի հավաստիությունը ապացուցող բազմաթիվ փաստաթղթեր ունի, որոնք կարող է տրամադրել:




























