Կորյունի 5 հասցեում գտնվող «Ռանդեվու» կարաոկեն հանգիստ չի տալիս այդ շենքի բնակիչներին եւ խախտում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 180-րդ հոդվածը, որով արգելվում է լռության խախտումը հասարակական վայրերում: Այս մասին պատմեց NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին` Կորյունի 5 շենքի, 17 բնակարանի բնակիչ Քաջազուն Պետրոսյանը, ով ապրում է հենց կարաոկեի վերեւի հարկում:

«Տարիներ շարունակ այս գործող կարաոկեն չի թողնում, որ մենք հանգիստ ապրենք: Կարծես թե տարածքը առել ենք այդ մարդկանց համար, որպեսզի իրենք էնտեղ զվարճանքներ անցկացնեն, իսկ մենք ստեղ անհանգստանանք մինչեւ գիշերվա 12-ը, իսկ դրանից հետո էլ հարբած հաճախորդները դուրս են գալիս եւ հայհոյանքներ տեղում պատուհանների տակ»,- նշեց քաղաքացին:

Այդ հարցով շենքի բնակիչները բազմիցս դիմել են տարբեր ատյանների, այդ թվում` Երեւանի քաղաքապետարան, ոստիկանություն, նախագահի վերահսկողական ծառայության պետին, նախագահ Սերժ Սարգսյանին, առողջապահության նախարարին, ոստիկանապետին, բայց «բոլորն անտարբեր պատսախաններ են տվել»: «Դուք չեք պատկերացնում` ինչ անտարբերություն, ինչ անարխիա է տիրում էս երկրում, ուղղակի չեք պատկերացնում:  Ինչպես կարելի է` օրենքի մասին էս երկրում խոսել: Քաղաքապետը ամբողջ օրն ասում է, թե քաղաքի տեսքը տեղը բերենք, բա քաղաքապետը չի մտածո՞ւմ մարդկանց առողջության մասին»,- ասաց քաղաքացին: Ի դեպ, Քաջազուն Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ առողջապահության նախարարությունը եկել  եւ արձանագրել է, որ աղմուկը նորմայից բարձր է, դիմել են դատարան, սակայն «այդ փոքր խնդիրը» մեկ տարի է` հետաձգում են եւ այդպես, նրա կարծիքով, փորձում են ժամանակ շահել: Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը  եւս եկել կասեցրել է կարաոկեի աշխատանքը, սակայն, շարունակում են աշխատել: Քաջազուն Պետրոսյանը նշեց նաեւ, որ փորձել են խոսել նաեւ ակումբի ղեկավարության հետ, սակայն հայտնել են, թե մեկուսացրել են, այնինչ քաղաքացու պնդմամբ, ոչինչ էլ չեն արել: Նրա խոսքով`  այդ կարաոկեի պատճառով հարեւաններից մեկը նույնիսկ չի կարողանում իր ննջասենյակում քնել եւ հյուրասենյակում է քնում:

Ավելի վաղ NEWS.am-ն անդրադարձել է ժամանցի կենտրոնների առաջացրած խնդիրներին: Մասնավորապես, բարձր երաժշտությանն ու աղմուկին, որոնք  «օբյեկտախեղդ» արված թաղամասերի բնակիչների կյանքի անբաժանելի մասն են: Համաձայն «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 180-րդ հոդվածի` հասարակական  վայրերում լռության խախտումը համարվում է վարչական իրավախախտում: Իսկ լռության խախտում են համարվում  նաեւ գիշերը ժամը 22-ից մինչեւ 6-ը աղմուկով ուղեկցվող  աշխատանքներ կատարելը եւ ձայնային ազդանշաններ տալը: Սակայն օրենքով սահմանված տուգանքն այնքան չնչին են, որ օբյեկտների սեփականատերերին վարչական պատասխանատվության ենթարկելը բոլորովին էլ չի խանգարում տուգանքները վճարել եւ շարունակել անօրինական կերպով խաթարել մայրաքաղաքի բնակիչների անդորրը:

Այսպիսով` քաղաքացին ռեստորանների եւ այլ վայրերի աղմուկ առաջացնող երաժշտության խնդրով կարող է դիմել առողջապահության, բնապահպանության նախարարություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ եւ այլ գերատեսչություններ, որոնք էլ նամակով դիմում են պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությանը, որպեսզի նշված տարածքում ստուգումներ իրականացնի եւ չափի` արդյոք աղմուկը անցել է  թույլատրելիի սահմանը, թե` ոչ: Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ իրենք հիմնականում բողոքներ ստանում են բնակելի շենքերի տակ գտնվող կարաոկեների վերաբերյալ: 2007թ-ից Հանրային սննդի կազմակերպություններում վերահսկողություն իրականացնողը եւ տուգանողը Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունն է, բայց  որեւէ կազմակերպության տուգանելիս, ծառայության փոխանցմամբ, տուգանքների չափը որոշում են համատեղ: Ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ 2010թ. տուգանվել է 14 հանրային սննդի կազմակերպություն, իսկ տուգանքի ընդհանուր գումարը 1 միլիոն 100 հազար դրամ է։ 2011թ. անցած ամիսների ընթացքում տուգանվել է հանրային սննդի մեկ օբյեկտ` 100  հազար դրամի չափով:

ՀԳ. Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը այս խնդրին: Մասնավորապես` «դրայվ սիրող», փողոցային առեւտրի, կրպակների եւ գովազդային վահանակների դեմ պայքարող Երեւանի քաղաքապետին խնդրում ենք միջոցներ ձեռնարկել բնակելի շենքում գործող կարաոկեների նկատմամբ: