Հայաստանում 2010թ. գործել է 578 ռեստորան, իսկ 2011թ հունվար-հուլիս ամիսներին դրանց թիվը հասել է 614-ի: Ընդ որում` 2010թ Երեւանում գործել է 391 ռեստորան, իսկ 2011թ. հունվար-հուլիսին դրանց թիվը հասել է 408-ի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնեցին Ազգային վիճակագրական ծառայությունից: Երեւանում գործող ռեստորաններում, այսպես ասած մեկ աթոռը սկսվում է 7 հազարից մինչեւ 15 հազար դրամ եւ ավելի` կախված, թե քանի ուտեստ եք պատվիրում: Իսկ երգի պատվերը սկսվում է 5000 դրամից եւ հասնում մինչեւ «ում պատիվը ինչքան տա»:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Կեսարի պալատ» ռեստորանի աշխատակիցը նշեց, որ եղել է` 1000, 2000, 3000 դրամ են տվել, այդքանով էլ են երգել, եղել է` 100 դոլար են տվել` «դա կախված է մարդուց»:

Ի՞նչ երաժշտություն  է հնչում մեր ռեստորաններում. «Փարվանայում» «Վիվալդի՞» է հնչում...

Երեւանյան ռեստորանները մեծամասամբ տեղակայված են քաղաքի երեք հատվածներում`Հրազդանի կիրճ, Պռոշյան փողոց եւ Ջրվեժ թաղամաս, բայց, իհարկե, քաղաքի տարբեր վայրերում կարելի է հանդիպել տարբեր ռեստորաններ: NEWS.am-ը փորձել է պարզել, թե ինչ երաժշտություն է հնչում մեր ռեստորաններում: Մեր զանգահարած բոլոր ռեստորաններում էլ` «Ուրարտու», «Կեսարի պալատ», «Նոր Ձորաբերդ», «Փարվանա», «8-րդ հրաշալիք», «Վասպուրական», «Արքայաձոր», «Բելաջիո», «Օջախ»,  հնչում է կենդանի երաժշտություն: Ռեստորանների աշխատակիցները նշում էին, որ իրենց մոտ հնչում է միմիայն բարձրաճաշակ երաժշտություն (երաժշտական նախասիրությունները յուրահատուկ են իհարկե, սակայն ռեստորանի աշխատակիցների՝ այնտեղ հնչող երաժշտության բարձր գնահատականը, կարող է բացատրել իրավիճակի պատճառները): Ռեստորանների շրջանում անցկացրած մեր հարցումները ցույց են տալիս, որ երեւանյան ռեստորաններում հնչում է հայկական, ռուսական, արտասահմանյան տարբեր ոճերի հայտնի երգեր, իսկ ամենից շատ` հայկական ռաբիս երաժշտություն, ժողովրդական երգեր, ռուսական շանսոն, երբեմն էլ` բլյուզ, ռետրո եւ այլն: Ռեստորանների աշխատակիցների հավաստմամբ` ամենից շատ հաճախորդները նախընտրում են ուրախ երգեր եւ պարեղանակներ: Իսկ թե տվյալ օրվա ընթացքում ռեստորանում ինչ երգ կհնչի, կախված է հաճախորդից եւ նրա ճաշակից: Ռեստորանների աշխատակիցները դժվարանցան նշել, թե ամենից շատ ո՞ր երգն են պատվիրում հաճախորդները` ասելով, որ շատ տարբեր է լինում, բայց, մեծամասամբ նախորդ տարվա ամենաշատ պատվիրվող «Պատրոնդաշ» երգին այս տարի փոխարինել է «Իմ ախպերս»-ը, «Բալա, բալա»-ն, իսկ «Վարդեր բերեմ պարտեզից», «Քանքարավոր ընկերը», «Պապիկ եմ դարձել» երգերը շարունակում են «օրվա երգացանկում»։

«Փարվանա» ռեստորանային համալիրում, աշխատակցի խոսքով, ամենաշատը հնչում է Կոմիտասի «Հորովելը», իսկ ռաբիսներից «Վարդեր բերեմ պարտեզից», «Ապարան» երգերը: «Ամբողջ աշխարհը գիտի, որ այստեղ եւ  ռաբիս, եւ հայկական, եւ ռուսական, եւ ժողովրդական է հնչում: Շատ լավ երաժշտություն է հնչում, բարձր որակի, արտասահմանյան երաժշտություն էլ է հնչում: Կոմիտասի երգերից «Կաքավիկը», «Հորովելը», «Բոնի Էմ»-ի երգերից է հնչում, «Իմ ախպերսը» եւ «Բալա, բալան» հազվադեպ են հնչում, «Վիվալդի» է հնչում մեզ մոտ շատ հաճախ»,- ասաց նա` հավելելով, որ  իրենց մոտ երգում են Հայկ Ղեւոնդյանը, Թաթուլ Ավոյանը եւ այլք. «Արթուր Աբրահամը շատ հաճախ հյուր է լինում, մեր ռեստորանը այնքան բազմաբովանդակ է,  որ մարդիկ աշխարհի բոլոր ծայրերից գալիս են հատուկ երաժշտություն լսելու համար»,- նշեց նա (ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ «Փարվանայի» երեկոներն անցնում են պոետիկ, դասական հոգեթով մթնոլորտում, բայց դա դժվար թե իրականությանը համապատասխանի)։

Ինչպե՞ս պայքարել ռեստորանների երաժշտության առաջացրած աղմուկի դեմ.

Ականջ ծակող երաժշտությունը, հրավառությունները եւ քեֆ- ուրախությունները` իրենց բոլոր կանխատեսելի եւ անկանխատեսելի հետեւանքներով, Հրազդանի կիրճի, Պռոշյան փողոցի հարեւանությամբ եւ Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Հարավարեւմտյան թաղամասի, Կենտրոնի, Մարաշի եւ այլ «օբյեկտախեղդ» արված թաղամասերի բնակիչների կյանքի անբաժանելի մասն են: Թե ի՞նչ բացասական հետեւանքներ ունի աղմուկը եւ ինչպես է ազդում մարդու առողջության վրա, բազմիցս խոսվել է, սակայն խնդիրը դեռեւս շարունակում է մնալ չլուծված, չնայած «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 180-րդ հոդվածով արգելվում է լռության խախտումը հասարակական վայրերում: Սակայն օրենքով սահմանված տուգանքն այնքան չնչին են, որ օբյեկտների սեփականատերերին վարչական պատասխանատվության ենթարկելը բոլորովին էլ չի խանգարում տուգանքները վճարել եւ շարունակել անօրինական կերպով խաթարել մայրաքաղաքի բնակիչների անդորրը:

Այսպիսով` քաղաքացին ռեստորանների եւ այլ վայրերի աղմուկ առաջացնող երաժշտության խնդրով կարող է դիմել առողջապահության, բնապահպանության նախարարություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ եւ այլ գերատեսչություններ, որոնք էլ նամակով դիմում են պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությանը, որպեսզի նշված տարածքում ստուգումներ իրականացնի եւ չափի` արդյոք աղմուկը անցել է  թույլատրելիի սահմանը, թե ոչ: 

Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք հիմնականում բողոքներ ստանում են բնակելի շենքերի տակ գտնվող կարաոկեների վերաբերյալ: 2007թ-ից Հանրային սննդի կազմակերպություններում վերահսկողություն իրականացնողը եւ տուգանողը Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունն է, բայց  որեւէ կազմակերպության տուգանելիս, ծառայության փոխանցմամբ, տուգանքների չափը որոշում են համատեղ:

Ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ 2010թ. տուգանվել է 14 հանրային սննդի կազմակերպություն, իսկ տուգանքի ընդհանուր գումարը 1 միլիոն 100 հազար դրամ է։ 2011թ. անցած ամիսների ընթացքում տուգանվել է հանրային սննդի մեկ օբյեկտ` 100  հազար դրամի չափով:

 

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը