Christie`s աճուրդում վաճառքի են հանվել հոլիվուդյան աստղ Էլիզաբեթ Թեյլորի հավաքածուի գլուխգործոցները: Աստղի մասնավոր հավաքածուից 38 նկար, այդ թվում` Վան Գոգի, Ռենուարի եւ Կանդինսկիի կտավները արվեստասերների դատին կհանձվեն փետրվարի առաջին տասնօրյակում:
Էդգար Դեգայի ինքնանկարը, Վինսենթ Վան Գոգի եւ Քամիլ Պիսսարոյի պեյզաժները, Պաբլո Պիկասոյի էսքիզը եւ այլ նկարներ, նաեւ Վասիլի Կանդինսկու եւ Մորիս Ուտրիլլոյի գլուխգործոցները եւ բազմաթիվ այլ կտավներ են դրվելու աճուրդի, հաղորդում է ԻԱՏՌ-ՏԱՍՍ-ը:
Կենտրոնական նկարը Վան Գոգի «Սեն-Ռեմի մանկատան եւ զանգակատան պատկերը» կտավն է, որը Թեյլորը գնել է 1960-ականներին Sotheby`s աճուրդում: Այն ժամանակ դերասանուհին դրա համար վճարել է 260 հազար դոլար, իսկ այժմ այն արժե 5-7 միլիոն ֆունտ:
Հենց այդ նկարը դերասանուհու մահից առաջ փորձում էր ստանալ կանադացի փաստաբան Էնդրյու Օրկինի ընտանիքը` պնդելով, որ գլուխգործոցը պատկանել է իրենց ազգականին, ում մոտից խլել են նացիստները: Սակայն 2007թ. Թեյլորը շահել է դատը:
Թեյլորը հոր խորհրդով արժեքավոր կտավներ էր գնում նույնպիսի կրքոտությամբ, ինչպես ադամանդները: Անցած տարի ադամանդների հավաքածուն վաճառվեց 120 միլիոն դոլարով:



























