«Որքան երկար շարունակվի իշխանությունների լկտիությունը, այնքան արագ է լինելու իշխանափոխությունը»,- նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը՝ խոսելով ներքաղաքական զարգացումների մասին։

Նկատելով, որ անհեռատես քայլերով իշխանությունը միայն արագացնում է իր անկումը, ՀՀՇ գործիչն ընդգծեց, որ Հայաստանում «ոչ արտաքին, ոչ էլ ներքին ճակատներում խորքային քաղաքականություն չի իրականացվում, ինչի հետեւանքով երկիրը գահավիժում է բոլոր առումներով»:

«Ինչ վերաբերում է ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, ապա նա դրանով փորձեց վերջին հնարավորությունը տալ Սերժ Սարգսյանին եւ հիշեցնել նրան, որ իր լեգիտիմության խնդիրը լուծելու համար նա չի կարող ծախել երկիրը եւ ուրանալ Ցեղասպանությունն ու Ղարաբաղի խնդիրը»: Արամ Մանուկյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանն, իհարկե, «չի ուզենա հանձնել 5 հազար եւ ավել մարդկանց կյանքի գնով վերցված Ղարաբաղը կամ ուրանալ Ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը», սակայն արտաքին եւ ներքին ճնշումների ազդեցության տակ՝ նահանջելու տեղ չունի. «Մարտի 1-ը եւ փետրվարի 19-ը նրա ամենախոցելի եւ թույլ տեղերն են»,- հայտարարեց Ա. Մանուկյանը՝ կոչ անելով նրան՝ ուժ գտնել իր մեջ, հրաժարական տալ եւ այս կերպ «հերոսանալ պատմության մեջ»: