Ովքե՞ր են գուշակները, ի՞նչ գործունեություն են նրանք ծավալել, ինչո՞ւ են մարդիկ դիմում գուշակների, օրենսդրորեն ինչպե՞ս է կարգավորվում նրանց գործունեությունը, ի՞նչ արժեն գուշակների ծառայությունները եւ այլ հարցերի պատասխանները փորձել է ստանալ NEWS.am-ը:
Գուշակների գործունեությունը չի կարգավորվում, բայց նրանք մեծ գումարներ են վաստակում
Հայաստանում գուշակները որեւէ տեղ չեն գրանցվում եւ իրականում հնարավոր չէ պարզել, թե քանի գուշակ կա մեր երկրում: Ազգային վիճակագրական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ նման տվյալներ չկան: Գուշակները չեն գրանցվում նաեւ Պետռեգիստրում եւ հարկային մարմիններում: Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց, որ հնարավոր է` նրանք ինչ-որ ՍՊԸ-ի անվան տակ գրանցվում են, բայց գործունեության մեջ չեն գրում, թե իրականում ինչով են զբաղվելու եւ իրականում` անհնար է պարզել, թե քանի նման գործունեություն ծավալած կազմակերպություն կամ անհատ կա:
Նրա խոսքով` ժամանակին Պետռեգիստրում գրանցված են եղել «Հայ աստղագուշակ»,«Գուշակ» անունով ՍՊԸ-ներ, որոնք լուծարվել են: Գրանցված է նաեւ «Աստղագուշակ» շաբաթաթերթ, այդ անվանունով հ/կ, բայց այս տվյալները եւս մեզ չեն կարող օգնել` պարզելու, թե քանի գուշակ կա Հայաստանում: ՊԵԿ-ից եւս NEWS.am-ին հայտնեցին, որ նման գրանցում չկա, գուշակները կարող են մեկ այլ ՍՊԸ-ով գրանցվել, բայց այլ գործունեություն իրականացնել:
Եւ չնայած այս ամենին, Հայաստանում կան մի շարք գուշակներ, որոնք ամենահայտնին են: Նրանց մասին առասպելներ է պատմվում, նրանց այցելելու համար անհրաժեշտ են մեծ գումարներ, երբեմն` ծանոթներ, ու պետք է օրերով հերթ կանգնել: Ավելին` մի շարք քաղաքական գործիչներ, օլիգարխներ ունեն իրենց «անձնական գուշակները», որոնց դիմում են «նեղն ընկնելուն պես»: Թեեւ գուշակները եւ գուշակությունները շատ տարածված են Հայաստանում, այնուհանդերձ, մեզանում օրենսդրորեն որեւէ կերպ չի կարգավորվում նրանց գործունեությունը: Գուշակներին վերաբերող որեւէ իրավական ակտ, նորմ, օրենք մեզանում չկա: Բայց խնդիր այն է, որ եթե նրանց ծավալած գործունեություն շահույթ ստանալու նպատակ է հետապնդում, ապա պետք է գրանցվեն որպես անհատ ձեռնարկատեր, ինչը թերեւս չի արվում: Օրինակ` Ռուսաստանում կառավարությունը որոշում է կայացրել՝ արգելել բոլոր կասկածելի մասնագիտություն ունեցող անձանց ինքնագովազդը: Իսկ մեզանում կարելի է հանդիպել զանազան հայտարարություններ այն մասին, որ «կգուշակեմ ապագան», «թուղթ ու գիր կբացեմ» եւ այլն:
Ինչ վերաբերում է գներին, ապա գուշակների մոտ ընդունված չէ գին ասել, ավելին` նույնիսկ կա տարածված արտահայտություն «իրեն հարգող գուշակը երբեք գին չի ասում, ասում է` ինչքան կտաս, կտաս»: Իսկ մարդիկ հաճախ վախենում են «քիչ տալ»` մտածելով, որ «վերեւների» հետ կապ ունի, հանկարծ իր հետ մի վատ բան չպատահի: Կախված գուշակության տեսակից` տարբեր է դրա համար վճարվող գումարը: Այսօր մեզանում գուշակությունների ամենատարածված ձեւերն են սուրճի բաժակ նայելը, թղթախաղի քարտերով գուշակելը, մոմ, արճիճ հալացնելը, ձեռքի ափի գծերով գուշակություն անելը: Դրանցից ամենամատչելին, թերեւս, սուրճի գավաթ նայելն է, օրինակ` 2000-3000 դրամ: Համեմատաբար մատչելի է նաեւ թղթախաղի քարտերով գուշակություններ անելը: Հաջորդը մոմ, արճիճ թափելն է, որի դեպքում գուշակի ամեն մի գործողություն արժե մոտ 5000 դրամ, ըստ որում` մեկ այցելությունը բավական չէ: Գուշակությունների մյուս տեսակները ավելի թանկ արժեն, հաճախ` հարյուր հազարավոր դրամներ:
Ովքե՞ր, ի՞նչ հարցերով եւ ինչո՞ւ են դիմում գուշակներին
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մարդիկ դիմում են գուշակների, երբ որոշակի դժվարություններ են ունենում իրենց կյանքում, իրենց անհաջողակ են համարում: «Գուշակությունը նոր երեւույթ չէ, դա սոցիալական ինստիտուտ է, ուզենք, թե չուզենք դա կա, դրա դեմը առնել հնարավոր չէ, եւ դա ինչ-որ տեղ օգնում է, որպեսզի մարդիկ կարողանան իրենց դնել որոշակի փորձության մեջ եւ գտնել իրենց տեղը այս կյանքում»,- ասաց հոգեբանը:
Գուշակներին դիմելու բացասական կողմը, ըստ հոգեբանի, այն է, որ սկսում են կյանքը, գործողությունները պայմանավորել դրանով, ինչը շատ վտանգավոր է: «Իրենց արժեզրկված են տեսնում ինչ-որ հարցերում, հետազոտական մտածողությունը զիջում է, այնպես են մտածում, որ գուշակությունը արդեն ամեն ինչ ասել է իրենց ապագայի մասին եւ դա ճակատագրական է, դրա վտանգավորությունը այն է, որ անձը չի կարողանում ինքնուրույնաբար զարգանալ»,- ասաց նա` հավելելով, որ գուշակությունը կառուցվում է սնոտիապաշտության վրա: Ռուբեն Պողոսյանի խոսքով` իգական սեռի ներկայացուցիչները ավելի հակված են դիմել գուշակների, քան արական սեռի անձինք, բայց, ցավոք, մեզանում հնարավոր չէ պարզել, թե Հայաստանում քանի մարդ է դիմում գուշակի: Մասնավորապես` դեռահասները, երիտասարդները ավելի են հակված հավատալ գուշակություններին, քանի որ այդպես նրանք փորձում են գտնել ճշմարտության ուղիները: Հոգեբանի խոսքով` գուշակների դիմում են նախեւառաջ անձնական խնդիրներով, մասնավորապես` ընտանեկան, երեխաներ ունենալու, սիրային, ինչպես նաեւ բիզնեսի, թշնամիներին որոնելու հարցերով:
Գուշակությունը առաջացել է մարդկության շագման հետ միասին
Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմենուհի Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գուշակության ինստիտուտը հայտնի է դեռեւս հին աշխարհից, մասնավորապես` Հին Եգիպտոսից: Նրա խոսքով`այն առաջացել է համարյա թե մարդկության ծագման հետ միասին: Գուշակները որոշակի օժտվածություն ունեցող մարդիկ էին, Հին Հայաստանում, Հին Եգիպտոսում նրանք քրմական դասին էին պատկանում: Ազգագրագետի խոսքով` մինչ աշխարհի երեք կրոնների ձեւավորումը, եղել են գուշակներ, որոնք որոշակի հոգեւոր ֆունկցիաներ են ունեցել, նաեւ որոշակի գիտելիքներ են ունեցել եւ դրանք ծառայեցրել են տվյալ ժամանակաշրջանի երկրի ղեկավարների շահերին` խավար զանգվածի վրա իշխանություն ունենալու նպատակով:
Արմենուհի Ստեփանյանը նշեց, որ մի կողմից գուշակները իրենց գործունեությունը ծավալում են` հիմնված գիտելիքի վրա, իսկ մյուս կողմից` որոշակի օժտվածությունների, բայց կարեւորը իսկական գուշակներին խաբեբաներից տարբերելն է: Եթե հնում գուշակներ կարող էին լինել եւ կանայք, եւ տղամարդիկ, ապա այժմ` միայն կանայք: Ինչ վերաբերում է տարիքային սահմանափակմանը, ապա Արմենուհի Ստեփանյանի խոսքով` դրանք հեղհեղուկ են, կարող է լինել 25 տարեկան գուշակ, կարող է լինել 50-ից բարձր տարիք ունեցող: Հնում նրանք գուշակում էին տնտեսական տարվա, ցանքսերի, բերքահավաքների հետ կապված ժամանակաշրջանները: Ժամանակի ընթացքում գուշակների հետ կապված մի շարք հանգամանքներ են փոխվել, սակայն նրանք շարունակում են մնալ մշակույթում, մարդիկ շարունակում են նրանց դիմել: Ազգագրագետը դա բացատրում է այն հանգամանքով, որ մարդու մոտ միշտ մեծ է ապագան իմանալու, լավը լսելու ցանկությունը: Նրա գնահատմամբ` Հայաստանում գուշակները ամենաշատը տարածված էին 50-60-ականնրին `պատերազմից հետո, երբ մարդկանց մոտ մեծ էր լավը լսելու ցանկությունը: Այդ ժամանակ շատ տարածված եւ պրեստիժային էր համարվում «մոլլայի» մշակույթը` որպես այլադավան մշակույթ: Ի դեպ, քրիստոնեությունը դեմ է գուշակություններին եւ գուշակելը մեղք է համարում:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը




























