«Գառնի Սուրիկի Լավաշի» սեփականատիրոջ հարսը (Մարինա Գեորգաձե), ով կալանավորվել է 2011-ի սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի գործով, տարիներ ի վեր հոգեկան հիվանդությամբ է տառապում, ինչը նշանակում է, որ նրան իրավունք չունեն պահել կալանքի տակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց նրա փաստաբան Արամ Ճուղուրյանը: Վերջինս գործի հետ կապված եւս մի քանի բացահայտումներ արեց, ինչը ներկայացնում ենք ստորեւ:
Մինչեւ Երեւանում հայտնի «բանդայի» վնասազերծումը եւ Մարինա Գեորգաձեի ձերբակալումը, նա խարդախության մեղադրանքով հետախուզման մեջ էր գտնվում նաեւ Վրաստանի իրավապահների կողմից: Ի՞նչ հետախուզման մասին է խոսքը:
1998թ-ին Մարինա Գեորգաձեն Թիֆլիսում տուրիստական գործակալություն է ունեցել, սակայն մի անգամ ինչ-ինչ պատճառներով Մոսկվայից Եվրոպա տուրիստներին տեղափոխելու պարտավորությունները չեն կատարվում: Հետագայում այն մարդիկ ովքեր վճարած են լինում ուղեւորության համար եւ տեղ չեն հասնում, բողոքում են եւ դա դառնում է քրեական գործ: Արդյունքում Գեորգաձեն խարդախության համար դատապարտվում է: Դատարանը տալիս է պայմանական պատիժ` 5 տարվա ազատազրկում, բայց նա չի կալանավորվում: Նշանակվում է նաեւ 5 տարի ժամկետով փորձաշրջան: 2.5 տարի Գեորգաձեն մնում է Թիֆլիսում, որից հետո գալիս է Հայաստան ու ընթացքում նրա առողջական վիճակը կտրուկ վատանում է:
Ներկայումս նա ծանր հոգեկան հիվանդությամբ է տառապում: Ավելին` այստեղ պառկում է հոգեբուժարանում եւ ճիշտ ժամանակին չի գնում Թիֆլիս: Իսկ, ըստ կարգի, եթե պատիժը պայմանական չկիրառելու կարգը խախտում ես, իրավունք ունեն պայմանականը վերցնել, որն էլ իրականացնում են: Դրանից հետո պատիժը մնում է ազատազրկումը եւ նրա նկատմամբ կրկին հետախուզում են հայտարարում:
2010թ-ին ՀՀ ոստիկանությունը նրան բռնում է եւ կալանավորում: 40-օրյա ժամկետում բժշկական անկախ հանձնաժողովը նրան զննում է եւ հաստատում, որ նա ծանր հիվանդությամբ է տառապում, ինչը նշանակում է, որ նրա հանձնումը վրացական կողմին նրա կյանքի եւ առողջության համար վտանգավոր է: Արդարադատության նախարարությունը օրենքով սահմանված կարգով մերժում է Մարինա Գեորգաձեին հանձնել Վրաստանի իրավապահներին:
Սակայն, երբ սկսվում է բանդայի շոուն Մարինա Գեորգաձեին, որդուն եւ դստերը որպես ընտանիքի անդամ տանում են բաժին, այնտեղ քրեական վարչությունից մեկը, ով 2010թ-ին այդ գործով շփվել է նրա հետ ճանաչում է Գեորգաձեին ու նրան կալանավորում են: Ներկա դրությամբ նրա հանձնման գործերով ենք զբաղված: Հարցի քննարկումը հասել է վճռաբեկ դատարան: Խնդիրն այն է, որ արդարադատության նախարարի որոշումից հետո էլ Վրաստանի իրավապահները հետախուզումը չեն դադարեցնում:
Իսկ ի՞նչ կապ ունի Մարինա Գեորգաձեն սեպտեմբերի 23-ին վնասազերծված «Բանդայի» գործի հետ:
Ոչ մի կապ: Մարինա Գեորգաձեն հիմա ձերբակալված է Վրաստանին հանձնելու նպատակով: Նա «բանդայի» գործով բացարձակապես կապ չունի, նույնիսկ չի հարցաքննվել: Ավելին` Արտուշի («Սուրիկի լավաշի» սեփականատիրոջ որդին-խմբ) բնութագիրն իմանալով, նրան ոչ մի կին չի կարող կառավարել կամ ղեկավարել: Չի կարող Մարինան Արտուշին ղեկավարել, ուր մնաց «բանդա» ղեկավարի: Բացի այդ, Մարինան հոգեկան անհավասարակշիռ ծանր հիվանդ է: 15 րոպե որ հետը խոսեք, ինքներդ կլարվեք, որովհետեւ նա խորը դեպրեսիայի մեջ է: Անընդհատ ինքնասպանության մասին է մտածում, որովհետեւ անհանգիստ դեպերեսիվ սինդրոմ սուիցիդալ մտքերով է տառապում: Նրան ներկա պահին կալանքի տակ է պահում միայն այն հանգամանքը, որ նա Արտուշի կինն է: Դրա համար նա կալանքի տակ է եւ նրան Վրաստանին հանձնելու հարցը քննարկման առարկա է դարձել, այն դեպքում, երբ այդ հիվանդությամբ տառապող անձին կալանքի տակ պահելու համար նույնիսկ, եթե հանցագործություն կատարելու վերաբերյալ հիմքեր կան, իրավունք չունես կալանքի տակ պահել:
Նա մշտական բժշկական հսկողության կարիք ունի, իսկ մեր Աբովյան քրեակատարողական հիմնարկը նման պայմաններ չունի: Հայաստանում, եթե տղամարդկանց համար դատապարտյալների հիվանդանոց կա, ապա կանաց համար դա էլ չկա: Իսկ հիվանդությունների տեսակներ կան, որ ընդհանրապես չի կարելի կալանքի տակ պահել: Կոնկրետ հիմա նրա կալանավորումը խոշտանգում է, ուրիշ ոչինչ: Դա ուղղակի ճնշում է, որ Արտուշի հետ կապված ինչ- որ մի բանի հասնեն: Սակայն որքանով ես եմ տեղեկացված Արտուշի մեղքն ապացուցող որեւէ ապացույց չկա:
Եթե նախկինում ՀՀ արդարադատության նախարարությունը մերժել էր Գեորգաձեին հանձնել Վրաստանին, հիմա ինչո՞ւ է այս հարցը նորից բարձրացրել:
Հանձնման մասին կոնվենցիա կա, որ եթե հանձնումը կարող է վտանգ սպառնալ մարդու կյանքին կամ առողջությանը, հանձնող երկիրն իրավունք չունի հանձնել նրան: Հիմք ընդունելով այդ կոնվենցիան, կարող ենք ասել, որ քանի դեռ Գեորգաձեն չի հանձնվել Վրաստանին, նրա կյանքն ու առողջությունը պահպանելը հայկական կողմի սուրբ պարտականությունն է: Բայց հիմա արդեն կա որոշում, որ հանձնելու են Վրաստանին, որովհետեւ, այլ ճանապարհ չկա, քանի որ հենց այնպես մարդուն կալանքի տակ չես կարող պահել: Հետեւաբար` Հայաստանը ուզում է հանձնել:
Դուք կո՞ղմ եք հանձմանը, թե` ոչ:
Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է արդարադատության նախարարի միջնորդությունը, որ Գեորգաձեին հանձնեն Վրաստանին: Մենք դեմ ենք եւ բողոքարկել ենք որոշումը: Հիմա վճռաբեկ դատարանում է մեր բողոքը:
Լավ, եթե այն ժամանակ ՀՀ իշխանությունները չէին ուզում հանձնել, հիմա ի՞նչի են ցանկանում հանձնել:
Այ այդ հարցը մենք բոլորին տալիս ենք: Ասում ենք, որ այն ժամանակ, եթե հիվանդ էր, կարելի էր չհանձնել, հիմա, ո՞նց է, որ վիճակը ավելի է վատացել, բայց պետք է հանձնել: Այդ ի՞նչ երկակի ստանդարտ է, որ գործում է: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ցանկացած օր իր խուցը խուզարկում են, որ ինքնասպանության նպաստող դեղեր եւ այլ իրեր չգտնեն: Ամեն օր մենք ահաբեկված սպասվում ենք վատ նորության: Եթե մեկուսարանից զանգ է գալիս ես վախեցած եմ հեռախոսը վերցում, մտածում եմ, որ մի բան իրեն արել է:
Եթե տվյալ հիվանդության դեպքում արգելվում է հիվանդին կալանավորելը, ի՞նչ պատճառաբանությամբ ազատ չեն արձակում:
Հիմա մեզ մոտ օրենքներում այնքան բան է նշվում, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Մենք հիմա սպասում ենք վճռաբեկ դատարանի արձագանքին, եթե նրանք էլ նույն դիրքորոշումը պահեցին ինչ-որ ընդհանուր իրավասությունն ու Վերաքննիչ դատարանը մտնելու ենք Եվրոպական դատարան: Արդեն քանի ամիս է մենք ասում ենք բժշկական անկախ հանձնաժողովին ուղարկեք թող հետազոտի, բայց հետազոտող չկա: Ամիսը երկու անգամ միջնորդություն ենք գրում ասելով, որ կյանքին վտանգ է սպառնում: Անպայման պետք է մի բան լինի, որ հետմահու ասեն ճիշտ էիք ասում: Իրենց մեկուսարանի բժիշկը հոգեբուժ է կանչել եւ լրիվ նույն դիագնոզն են տվել, բայց կարգն այնպես է, որ իրենց նախաձեռնությամբ բժշկական անկախ հանձնաժողով պետք է կազմվի եւ եզրակացություն տա, որը չեն հրավիրում:
Ի՞նչ քայլերի եք պատրաստվում դիմել:
Եթե վճռաբեկ տարանը որոշում կայացնի, որ պետք է Մարինային հանձնեն, մենք արագ կդիմենք Եվրոպական դատարան եւ նրանք չեն հասցնի հանձնել: Եվրոպական դատարանը մինչեւ գանգատի քննությունը միջանկյալ միջոց է կիրառում եւ արգելում կառավարությանը հանձնել կամ որեւէ գործողություն անել մինչեւ ինքը գանգատը քննի եւ լուծի: Սպասենք տեսնենք:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը




























