«Ժառանգություն» կուսակցության անդամները, թերեւս, որոշել են այրել բոլոր կամուրջները եւ չշփվել նախկին կուսակիցների հետ անգամ ինտերնետում: «Ժառանգություն» կուսակցության վարչության աչքի փուշն էին դարձել Զոյա Թադեւոսյանը, Վարդան Խաչատրյանն ու Մովսես Արիստակեսյանը: Ընդ որում, Թադեւոսյանը ԿԸՀ-ում ներկայացնում էր կուսակցության շահերը, եւ շատ հաջող:

Ուշագրավ է, որ նրանք բոլորն էլ հեռացվել են կուսակցությունից Հայ ազգային կոնգրեսի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով: Այսօր Վարդան Խաչատրյանը՝ «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամը, խորհրդարանում ներկայացնում է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության շահերը, իսկ Զոյա Թադեւոսյանը շարունակում է մնալ ԿԸՀ անդամ: Բայց ամենայն հավանականությամբ, ստեղծված իրավիճակը դուր չի եկել կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանին եւ նա «որոշել» է պատժել մեղավորներին: Մարտիրոսյանից ոչ ոք նման հնարամտություն չէր սպասում: Նա ձիու քայլ է արել եւ հեռացրել Զոյա Թադեւոսյանին Odnоklassniki.ru կայքի իր ընկերների ցանկից: Ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ որոշմանը նախորդել է «Ժառանգության» սիրած ստորագրահավաքը: Տարօրինակ է, որ այդ խմբակցության անդամները դեռ այդ կապակցությամբ խորհրդարանում նախաձեռնությամբ հանդես չեն եկել եւ չեն առաջարկել հերթական օրինագիծը՝ «Սոցիալական ցանցերում ընկերների ցուցակների ձեւավորման կարգի մասին»: