NEWS.am-ը ներկայացրել է Գերմանիայի Բունդեսթագի Մարդու իրավունքների եւ հումանիտար օգնության հանձնաժողովում  «Ձախ» (Die Linke) կուսակցության խմբի ղեկավար Աննեթե Գրոթի / Annette Groth/ որոշ մեկնաբանություն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գերմանացի պատգամավորը մանրամասնում է.

«Գերմանիայի «Ձախ» (Die Linke) խորհրդարանական խմբակցությունն արդեն բավական երկար տարիներ է, ինչ սուր քննադատում է Թուրքիայի կառավարության քաղաքականությունը: «Ձախ» խմբակցությունն ամեն կերպ ջանում է նպաստել թուրքական քաղաքականության ժողովրդավարացմանն ու Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցմանը: Խմբակցությունը քննադատում է թուրքական կառավարության  որդեգրած վերաբերմունքը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասանության մասին: Միայն այն դեպքում, երբ Թուրքիայի կառավարությունը ներողություն կխնդրի Օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության համար, այդ դեպքում կարող է հայ ժողովրդին  բաժին հասնել արդարությունը: Առանց արդարության դժվար կլինի հաշտեցում երկու երկրների միջեւ:

«Ձախ» խմբակցության համար կարեւոր է, որ Գերմանիայի Բունդեսթագը եւս ճանաչի Հայոց ցեղասպանության հարցում Գերմանական կայսրության (Գերմանական Ռայխի) պատասխանատվությունը: Մենք կարծում ենք, որ Գերմանիան պետք է որ հաշտության լավ օրինակ ծառայի եւ բացեիբաց ներողություն խնդրի այն ժամանակվա գերմանական կայսրության կառավարական չինովնիկների ու սպաների կողմից ցեղասպանության աջակցության եւ գիտակցաբար թուլտվության  համար:

Մենք այն համոզմունքին ենք, որ թուրքական հասարակության մեջ պատմության քննադատաբար վերանայումը կարեւոր նախադրյալ է, որպեսզի այսօրվա Թուրքիայում հնարավոր լինի այլ քաղաքականություն վարել փոքրամասնությունների հարցում: Ի՞նչ է տեղի ունենում այսօր Թուրքիայի քրդաբնակ տարածքներում: Օր օրի ոտնահարվում են մարդու իրավունքները քրդաբնակ շրջաններում: Ես այն կարծիքին եմ, որ ոչ միայն Ֆրանսիան, այլեւ Եվրամիությունը պետք է խիստ քննադատաբար մոտենա այս հարցին:

Մենք սպասում ենք, որ եվրոպական բոլոր երկրներն իրենց գաղութային պատմության, եւ դրանից հետեւող պատասխանատվության հետ զբաղվեն: Եվրամիության գրեթե բոլոր երկրներում գոյություն ունի ինքնասահմանափակում, որը թույլ չի տալիս վերանայել Եվրոպայի գաղութային պատմությունն ու  ներողություն խնդրել, ուղղել սխալները՝ այդ պատմությանը դեմ հանդիման կանգնածների ու նրանց ժառանգների հանդեպ:

Այսօր Գերմանիայում մենք չենք կարողանում մինչ օրս հասնել նրան, որ հերերո ու նամա ցեղախմբերի ցեղասպանությունը ճանաչվի (խոսքը հերերո եւ նամա ցեղախմբերի կոտորածի մասին է Հարավարեւմտյան Աֆրիկայում՝ այսօրվա Նամիբիայում):  Ինչպես նաեւ մոտ 60 տարի տեւեց, մինչ գնչուների ժառանգները հասան նրան, որ անմիջապես Բունդեսթագի հարեւանությամբ կառուցվում է կոտորածի ենթարկված գնչուների հիշատակի հուշարձան:

Ինչպես մենք Թուրքիայից սպասում ենք, որ վերջինս կանգնի իր պատմության առջեւ, այնպես էլ մենք Գերմանիայում հանդես ենք գալիս նրա օգտին, որ Գերմանիան քննադատաբար վերանայի իր պատմությունը:

Մենք համոզված ենք, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության գիտակցելը այն հիմնական կարեւոր պայմանն է, որը կնպաստի ժողովրդավարական ավանդույթների զարգացմանը եւ պատմությունից դասեր սերտելուն»: