«Մյասնիկյանի պողոտայում կատարված ծանր հանցագործության բացահայտումը այն բացառիկ դեպքերից է, որ շատ օպերատիվ աշխատանքի արդյունքում բացահայտվեց»,- այս մասին նոյեմբերի 20-ին կայացած ասուլիսում հայտնեց Ոստիկանության քրեական հանցագործության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը՝ նշելով, որ դեպքի վայր մեկնել է անձամբ ինքը։

Ըստ Թամամյանի՝ հանցագործություն կատարող բոլոր անձինք ձերբակալված են, զենքն առգրավված է, հանցագործությունը բացահայտված է, կատարվում է նախաքննություն։ Թե ինչու է Մյասնիկյանի պողոտայում հրազենային հարձակման ենթարկված Սամվել Շաբոյանը հայտնվել Արտաշատի հիվանդանոցում, Թամամյանը նշեց, որ կատարված հանցագործությունից հետո, սպանվածի վարորդը շարունակել է ընթացքը, եւ մեքենան վարել դեպի Արտաշատ, ու այնտեղ էլ հայտնել է կատարվածի մասին, Երեւանում կատարված հանցագործության մասին ահազանգն էլ ոստիկանությունը ստացել է Արտաշատից։ Ըստ նրա՝ հանցագործությունը անմիջականորեն կատարել է Վեդիի բնակիչ Կարեն Պետրոսյանը, նրա մեքենան վարել է Երեւանի բնակիչ Վահրամ Խաչատրյանը՝ երկուսն էլ ձերբակալված են։

Հիշեցնենք, որ Սամվել Շաբոյանը սպանվել էր նոյեմբերի 19-ին ժամը 00։55-ի սահմաններում։ «Խոսրովի անտառ պետական արգելոցի» տնօրեն Սամվել Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենայի ուղղությամբ կրակահերթ էր բացվել անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայից: Արձակված գնդակները դիպել էին ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին նստած Ս. Շաբոյանի մարմնին, ինչի հետեւանքով նա մահացել էր:

Ձերբակալված Կարեն Պետրոսյանը հունիսի 20-ին սպանված, «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանի եղբորորդին է, իսկ Մարզպետունի Պետրոսյանին սպանել էր Սամվել Շաբոյանի եղբայրը՝ Պերճիկ Շաբոյանը: