Բրիտանական դեսպանատունը հերթական անգամ կազմակերպում է Բըրնսի Ընթրիք, նվիրված շոտլանդացի հայտնի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսին: Ավանդական միջոցառումը Հայաստանում կազմակերպվում է արդեն 14-րդ տարին շարունակ: Բրիտանիայի դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեկույթի նպատակը ոչ միայն ուրախ ժամանց կազմակերպելն է ներկաների համար, այլ նաեւ գումար հավաքագրել բարեգործական նպատակներով:

Բըրնսի Ընթրիքը շոտլանդացիների համար ազգային տոնի արժեք ունի եւ ամեն տարի հունվարի վերջին նշվում է աշխարհի տարբեր երկրներում: Ընթրիքի առանցքը շոտլանդական յուրահատուկ «հագիս» ուտեստն է, որը ավանդաբար Շոտլանդիայից Հայաստան է ժամանում Բըրնսի Ընթրիքից մի քանի օր առաջ՝ հագիս պատրաստող խոհարարի եւ շոտլանդացի պարկապզուկահարի ուղեկցությամբ:

Հունվարի 27-ին, ժամը 14-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Խանջյան դահլիճում շոտլանդական պարկապզուկի ուրույն երաժշտության ներքո «հագիս» ուտեստը, ըստ ավանդույթի, հանդիսավոր կերպով կհանձնվի Մեծ Բրիտանիայի Արտակարգ եւ Լիազոր դեսպան Քեթրին Լիչին:

Այս տարի Բըրնսի Ընթրիքը կկայանա հունվարի 28-ին, Ֆլորանս ռեստորանային համալիրում: Անցյալ տարի ընթրիքի ընթացքում հաջողվեց հավաքագրել 27 հազար դոլարին համարժեք հանգանակություններ, որոնք ուղղվել են տարբեր բարեգործական ծրագրերին:

Հայաստանում Բըրնսի Ընթրիքի կազմակերպիչներն են  Հայ-Բրիտանական Գործարարության Պալատը (ABBC) եւ Երեւանում Բրիտանական դեսպանատունը: