2012թ. հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը:
Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Սպանություն կատարելու կասկածանքով հունվարի 28-ին ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, Սարգսյանը դիրքերում ատամի մածուկ է լցրել քնած Շահնազարյանի դեմքին, իսկ վերջինս արթնացել եւ հայհոյել է Սարգսյանին: Վերջինս էլ կրակել է Փայլակ Շահնազարյանի վրա եւ սպանել:




























