Անցած գիշեր կրակոցներ են հնչել Վանաձորի քաղաքային այգում: Բարեբախտաբար, զոհեր չկան: Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, թե գիշերը ժամը 2.30-ի սահմաններում Երեւանի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել Գուգարք գյուղի բնակիչ Մյասնիկ Հարությունյանը` աջ ծնկի վրա հրազենային վնասվածքներով: Հիվանդանոցում Հարությունյանը հայտնել է, թե Վանաձորի քաղաքային այգու կողքով անցնելիս զենք է գտել ու որոշել այն օգտագործել, ինչի արդյունքում էլ վիրավորվել է:
Ըստ ոստիկանության, սակայն, Քաղաքային այգու հարեւանությամբ գտնվող Սպորտի պալատի մոտ երեկոյան ժամը 10:30-11:00-ն ընկած սահմաններում տեղի է ունեցել վիճաբանություն, նախնական տվյալների համաձայն՝ 4 հոգու միջեւ (որոնցից մեկը Մյասնիկ Հարությունյանն է եղել), ինչի արդյունքում էլ կրակոցներ են հնչել:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի առաջին մասով եւ 235 հոդվածի առաջին մասով` դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելը ու ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Համբարյանը նաեւ փոխանցել է, թե կան բերման ենթարկվածներ, ովքեր կասկածվում են միջադեպին մասնակցելու մեջ:

























