Պետական հեղաշրջման գործով ձերբակալված անձն իր գործողություններն անձամբ է ահաբեկչություն անվանել։ Այդ մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցերին։
Գրիգորյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ ձերբակալվածներին, ներառյալ հոգևորականներին, արհեստականորեն փորձում են վերագրել պետական հեղաշրջում իրականացնելու փորձ։ Ընդ որում՝ դա արվում է «երկու-երեք հոգու տրորելու» անհրաժեշտության մասին խոսքերի հիման վրա, որոնք ձեռք են բերվել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի հեռախոսազրույցների ապօրինի գաղտնալսման միջոցով։
«Դուք, որպես պաշտոնատար անձ, ունենալով ողջ տեղեկատվությունը, հասարակությանը վախեցնելու նպատակով, ընդամենը մի նախադասություն եք առանձնացրել... Ստացվում է, որ մարդիկ գրել են իրենց բոլոր պլանների մասին, ինչպես ֆիլմերում՝ գրատախտակի՞ վրա։ Եթե կան այդպիսի փաստեր, ինչո՞ւ դրանք մինչ օրս չեն հրապարակվում»,- ասել է Գրիգորյանը։
Պողոսյանը սկզբի համար չի համաձայնել «գաղտնալսում» ձևակերպման հետ՝ ասելով, որ գաղտնալսման փաստի վերաբերյալ հետաքննություն չի եղել։ Ընդ որում՝ նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ ճանապարհով է ստացվել տվյալ զրույցի ձայնագրությունը։ Այնուհետև ՔԿ նախագահը նշել է, որ գործով իրենք արդեն կոնկրետ ապացույցներ ունեն։
«Այդ բառերն ի միջի այլոց չեն ասվել։ Խուզարկության ժամանակ հայտնաբերված ենթադրյալ գործողությունների գծագրված պլաններում ուղղակիորեն գրված է «ահաբեկչություն» բառը։ Այնտեղ, օրինակ, խոսվում է շենքերի զավթման մասին։ Դրանց թվում կան նաև Ոստիկանությանը պատկանող շենքեր»,- հավաստիացրել է Քննչական կոմիտեի նախագահը։





























