Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 6–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեռնոգորիայի կառավարության միջև կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագրին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Եվրոպական հետազոտական տարածքի միջոցով Հայաստանի Հանրապետությունը Չեռնոգորիան կհամագործակցեն գիտահետազոտական համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Փոխհամագործակցությունը կնպաստի ուսումնական հաստատությունների համագործակցության զարգացմանը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, որի արդյունքում կարող են իրականացվել կրթության բնագավառի ուսումնառողների, դասավանդողների, փորձագետների և հետազոտողների փոխանակման ծրագրեր: Փոխհամագործակցության կարևոր նախաձեռնություններից է նաև երկու երկրներում տրված կրթության վկայականների և որակավորումների ճանաչման գործընթացների ապահովման դյուրացումը:

Համաձայնագրով Կողմերն իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան և փոխադարձության հիմունքներով կրթության և գիտության ոլորտների դասավանդող կազմի և գիտնականների համար յուրաքանչյուր տարի կտրամադրեն բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցման և շարժունության ծրագրերի կրթաթոշակներ:

Միաժամանակ, Համաձայնագրի շրջանակում ձևավորվող Համատեղ կոմիտեն կապահովի Համաձայնագրի իրականացման և գնահատման գործընթացը: